Ցեմենտի պակասը դանդաղեցնում է շինարարությունը և թանկացնում բնակարանները

01 Նոյեմբերի 2026, 17:30

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում շինարարության տեմպերը ցեմենտի սուր պակասի պատճառով դանդաղել են գրեթե երեք անգամ։ Շինարարների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ տեղական արտադրության ծավալները չեն բավարարում շուկայի աճող պահանջարկին, իսկ այն աշխատանքը, որ նախկինում արվում էր մեկ օրում, հիմա տևում է երեք օր։

Չնայած կառավարությունը հոկտեմբերի 1-ից հանել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման արգելքը, խնդիրը դեռ չի լուծվել։ Իրանից մատակարարումները բարդացել են ռազմական գործողությունների հետևանքով գործարանների և ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Բացի այդ, ներմուծվող ցեմենտն ավելի թանկ է, ինչը լուրջ խնդիր է փոքր շինարարական ընկերությունների համար։

Ցեմենտի թանկացման պատճառով անխուսափելիորեն կբարձրանա նաև բնակարանների ինքնարժեքը։ Կառուցապատողները առաջիկա երեք ամիսների ծախսերը վերլուծելուց հետո նոր կկարողանան գնահատել, թե որքանով կթանկանան բնակարանները։

Խնդիրը մասամբ կարող էր լուծել «Հրազդան ցեմենտ» գործարանը, որը տարեկան կարող է արտադրել մինչև 1,2 միլիոն տոննա ցեմենտ, սակայն այն արդեն երկու տարի է չի աշխատում դատական վեճերի պատճառով։ Մյուս կողմից, «Արարատցեմենտ» գործարանն աշխատում է իր առավելագույն հզորությամբ, և գները զսպելու նպատակով ցեմենտը շինարարներին մատակարարվում է անմիջապես գործարանից՝ առանց միջնորդների։