«Տարազ» ժողովրդական պարի համույթը՝ Համառուսաստանյան փառատոնի հաղթող

14 Մարտի 2025, 09:24

Մշակույթ

Նովոռոսիյսկի մշակույթի պալատի «Տարազ» ժողովրդական պարի անսամբլը «Տաղանդների սերունդ» համառուսաստանյան մրցույթ-փառատոնում գրավել է առաջին տեղը: Այս մասին հաղորդում է «Լույս» հայկական ընկերությունը:

Անսամբլը ներկայացրել է «Դոնիկ» պարը, որը հաղթել է «Ժողովրդական ոճավորված պար» անվանակարգում: Ժյուրին նշել է պատրաստվածության բարձր մակարդակը, տպավորիչ ներկայացումը և բեմադրության ինքնատիպությունը։ Համույթի համար հատկապես կարևոր էր «ժողովրդական ավանդույթների պահպանման համար» հատուկ մրցանակը՝ Կրասնոդարի երկրամասում հայկական պարարվեստի զարգացման և հանրահռչակման գործում նրանց ունեցած ավանդի ճանաչումը:

«Այս հաղթանակը մեր պարողների, մանկավարժների և ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ոգեշնչված ենք և պատրաստվում ենք նոր բեմադրությունների, որպեսզի շարունակենք ուրախացնել հանդիսատեսին»,- տպավորություններով կիսվել է համույթի ղեկավար Դիանա Էքմեքջյանը։

Նշվում է, որ փառատոնին մասնակցում էին ավելի քան 1000 երիտասարդ պարողներ, երգիչներ և երաժիշտներ ամբողջ երկրից: