Դարձյա՛լ կոչ ենք անում Եվրահանձնաժողովին…. Եվրախորհրդարանը «դարձյալը» շեշտել է. Գևորգյան

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը մյուսներից տարբերվում է նրանով, որ այստեղ կան հստակ անուններ, որոնց նկատմամբ պետք է կիրառել պատժամիջոցներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանը:

«Երեկ եվրապատգամավորները քննադատեցին եվրահանձնաժողովին՝ նշելով, որ այն ոչինչ չի անում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար: Նույնիսկ պատգամավորներներից մեկը՝ Դիեգո Կալասին ասաց, որ գնացեք Հայաստան և տեսեք, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ: Ինչպես հայտնի է, այսօր ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 523 մարդ, և այն առանձնահատուկ է նրանով, որ այս բանաձևում, երբ խոսվում է պատժամիջոցների մասին, նշվում են հստակ անուններ՝ Զեյնալ Աղաև, Ջամալ Ռամազանով և Անար Ռզաև․ սրանք այն դատավորներն են, որոնց նկատմամբ կոչ է արվում կիրառել նպատակային պատժամիջոցներ: Խորհրդարանը տեսնում է Ալիևի բռնատիրական քաղաքականությունը և այս բանաձևով իր բողոքն է արտահայտում տեղի ունեցածի նկատմամբ»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ եթե որևէ մեկն իր քաղաքական, ռազմական ուժը օգտագործում է բացասական նպատակներով, Եվրախորհրդարանը իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ:

«Եվրախորհրդարանը այլ բանաձևերի շրջանականերում էլ է անուններ հնչեցրել, և դա նորություն չէ: Բացի դա, եթե Եվրախորհրդարանը տեսնում է, որ որևէ մեկը քաղաքական, ռազմական ուժ ունի, բայց դա օգտագործում է բացասական նպատակներով, կարող է պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Ենթադրում եմ, որ ԵԽ-ն տեսել է Հայաստանի իշխանությունների կամ այլ միջազգային մարդասիրական կազմակերպությունների բողոքները, դրա համար էլ նշել է ադրբեջանցի դատավորների անունները: Եվ պետք է նշել, որ նրանք միայն հայ գերիների նկատմամբ չեն անարդար որոշումներ կայացրել, այլ նաև իրենց լրագրողների, բնակչության նկատմամբ:

Իսկ այսօր ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը շեշտել է, որ դարձյալ կոչ ենք անում և ասում Եվրահանձնաժողովին, որ Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն պետք է ենթարկվի քննության»,- եզրափակել է Գևորգյանը: