Ինչ ավանդական արժեքային գերակայություններ ունի հայ երիտասարդը. անցկացվել է հարցում
15 Մայիսի 2025, 16:46
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Ավանդական արժեքների եվրասիական ընկալումներ․ հայկական դիտանկյուն» թեմայով կլոր-սեղան քննարկումը։ Քննարկման ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված փորձագիտական և երիտասարդական հարցումների արդյունքները։
«2025 թվականի փետրվար-մայիսին «Եվրասիա» կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվել է աննախադեպ հետազոտական ծրագիր: Այն նպատակ ուներ պարզել հայ երիտասարդության ավանդական արժեքային ընկալումները, ինչպես նաև քննարկել, թե եվրասիական տարածքի երկրները ինչ ընդհանրություններ ունեն: Այս ամիսների ընթացքում իրականացվել են ինչպես փորձագիտական, այնպես էլ դաշնային հետազոտություններ, խմբակային աշխատանքներ՝ անկետավորման և հարցազրույցների վարման խորացված մեթոդներով, և այս պահին ունենք վերջնական արդյունքներ»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է Գալստյանը:
Վերջինիս խոսքով՝ երիտասարդության համար ընտանիքը շարունակում է մնալ ավանդական արժեքային գերակայություն:
«Եթե շատ հակիրճ ներկայացնեմ արդյունքները, ապա պետք է նշեմ, որ ընտանիքը շարունակում է մեզ համար մնալ ավանդական արժեքային գերակայություն: Հավատքի, հայրենիքի, պետականության նկատմամբ վերաբերմունքը մեր հասարակության մոտ նույնպես առկա է, սակայն կան նաև մտահոգիչ երևույթներ, որոնք բացահայտել է հետազոտությունը: Խոսքը վերաբերում է այն խոչընդոտներին, այն ռիսկերին, որոնք տեսնում են և՛ փորձագետները, և՛ երիտասարդները: Դա նախևառաջ պետության, կառավարության որդեգրած քաղաքականությունն է»,- ընդգծել է Գալստյանը: