Լավրովի այցի նպատակը հարաբերությունների զարգացման հեռանկարներն ուրվագծելն է. Կոնստանտին Տասից

Ռուս քաղաքագետ և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանը։

«Կարծում եմ՝ Լավրովի այցը բավական հաջող է անցել և դրական ազդեցություն է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման վրա։ Մեկ այցը չի կարող լուծել բոլոր խնդիրները, բայց կարող է մեղմել կամ ուրվագծել դրական փոփոխությունների որոշ միտումներ: Որքան հասկանում եմ հրապարակային հայտարարություններից, հանգուցալուծումներ են գտնվել ինչ-որ առանձին վիճելի հարցերի համար։

Մասնավորապես, դա վերաբերում է սպառազինության վճարմանը, որը Ռուսաստանը պետք է Հայաստանին մատակարարեր դեռևս 2021 թվականին։ Ֆինանսների հարցը լուծվել է փոխադարձ հաշվարկներով։ Բանակցություններ են ընթացել հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ։ Մասնավորապես, ինչպես հայտարարել է Լավրովը, կան պայմանավորվածություններ Հայաստանում «Ռուսական տան» մասնաճյուղեր բացելու վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են քաղաքական միջգերատեսչական խորհրդակցությունների շուրջ։ Սա ևս քաղաքական օրակարգի արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման կարևոր տարր է»,- կարծում է փորձագետը։

Նա Լավրովի այցը մեկնաբանում է որպես հնարավորություն՝ երկու երկրների միջև կուտակված հակասությունները լուծելու և ապագայում համագործակցության հարթակ ստեղծելու համար։

«Ակնհայտ է, որ նախորդ շրջանում ռուս-հայկական հարաբերությունները լավ ժամանակներ չէին ապրում։ Ըստ այդմ՝ ի հայտ եկած հակասությունների լուծումը և զարգացման համար հեռանկարների մշակումը երկկողմ օրակարգի կարևոր մասն են կազմում, այսինքն՝ լուծել այն խնդիրները, որոնք եղել են, և նախանշել համագործակցության նոր հեռանկարներ։ Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում կայունությամբ և նրանում, որ Հայաստանն անվտանգ լինի, վերահսկի սեփական տարածքը և այդպիսով իր ներդրումն ունենա տարածաշրջանային անվտանգության մեջ»,- եզրափակել է Տասիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։