Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցերով կառուցողական խոսակցություն չի ստացվում. Արարատ Միրզոյան

05 Հունիսի 2025, 16:50

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ Նախարարն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ։ Ինչքանով իմ տեսած հնարավորությունը կարող է իրականանալ, դա, իհարկե, բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան, որ Հայաստանը իր կողմից ամեն ինչ անում է, որ ամեն ինչ այդ սցենարով էլ ընթանա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում քննարկվո՞ւմ է այն հարցը, որ Ադրբեջանը պետք է խաղաղ ճանապարհով հեռանա այն տարածքներից, որոնք այդ երկրի կողմից օկուպացվել են, Արարատ Միրզոյանն ասել է.

«Իհարկե, կան Հայաստանի սուվերեն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Շուրջ 208 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում»։

Նախարարը վստահեցրել է, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի հետ ընթացքի մեջ է։ «Եթե դուք ուզում եք ասել, թե այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, այդպես չէ։ Ընդհանրապես այդպես չէ։ Այսօր էլ այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև քննարկում է գնում։ Եվ հույս ունեմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի նաև գետնի վրա»,- ընդգծել է Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու շուրջ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ գերիների և ապօրինի պահվող անձանց, ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են։

«Սա ցավոտ հարց է, երևի սա այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես չի ստացվում կառուցողական խոսակցություն ունենալ»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ հարցում շոշափելի քայլից հետո էլ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքը շարունակվել և այսօր էլ շարունակվում է, սակայն դեռևս այդ աշխատանքները հաջողությամբ չեն պսակվել։

Նախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու պարագայում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հումանիտար հարցերը լուծելու համար։

Հիմա եթերում