Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն աննախադեպ են հայ ժողովրդի պատմության համար. Իվան Սկորիկով

Քաղաքագետ Իվան Սկորիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա։

Փորձագետի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում, աննախադեպ է հայ ժողովրդի պատմության համար։

«Փաշինյանի սրբապիղծ հայտարարությունները, թե ինքը պատրաստ է գլխավորել հայկական եկեղեցու «մաքրման» գործընթացը, խախտում են Հայաստանի սահմանադրության, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, և, ընդհանրապես, պետության կողմից հոգևոր գործերին չմիջամտելու բարոյական, կրոնական սկզբունքը»,- ասել է Սկորիկովը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն անում է այն, ինչ Զելենսկին Ուկրաինայում:

«Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո հասարակությունը թույլ տվեց մեկ ապտակ, հիմա նա փորձում է հասցնել երկրորդ ապտակը՝ ոչնչացնելով եկեղեցին։ Նա իշխանության մեջ մնալու հնարավորություն ունի միայն ինչ-որ տոտալիտար միջոցների օգնությամբ, և, ամենայն հավանականությամբ, նա պատրաստ է դրանց։ Մենք տեսնում ենք, որ քրեական գործեր են հարուցվում և՛ հոգևորականների, և՛ այն հասարակական գործիչների նկատմամբ, որոնք աջակցում են եկեղեցուն և տվյալ դեպքում հանդես են գալիս ոչ թե որպես քաղաքական գործիչներ կամ որպես գործարարներ, այլ որպես խղճի մարդիկ, քանի որ «կպել են» նրանց սրբությանը:

Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն անում է այն, ինչ Զելենսկին Ուկրաինայում: Նրանք հասկանում են, որ ժողովրդին նվաստացնելը, ծնկի բերելը, նրա հետ ինչ-որ բան անելու համար կարելի է միայն սպանել նրա մեջ ամեն հոգևոր բան։ Դրանով հաջողությամբ զբաղվում է Զելենսկին, և դրանով հիմա փորձում է զբաղվել Փաշինյանը։ Եվ ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Արևմուտքն այս մարտավարությունը կիրառում է դեռևս Հարավսլավիայի ժամանակներից։ Փաշինյանի օրոք Հայաստանում որևէ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող»,- նշել է Սկորիկովը։

Փորձագետի խոսքով՝ խաղ խաղալով եվրոպացիների հետ՝ Փաշինյանը միաժամանակ խաղ է խաղում Բաքվի և Անկարայի հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է ավելի կոշտ գնահատի այն, որ Փաշինյանը, մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում, միաժամանակ հեռանում է Ռուսաստանից: Խաղ խաղալով եվրոպացիների հետ՝ Փաշինյանը միաժամանակ խաղ է խաղում Բաքվի և Անկարայի հետ, որպեսզի Անդրկովկասում ստեղծի հերթական հակառուսական գոտին, հնարավոր է, երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ։ Պարզապես նա այս խաղը շատ մեղմ է խաղում»,- եզրափակել է Սկորիկովը։

Հիմա եթերում