Սիրտը ծիրանի կորիզի մեջ. երգում է Եվա Ռիվասը

13 Հուլիսի 2025, 21:00

Հայեր

Այսօր երգչուհի Եվա Ռիվասի ծննդյան օրն է։ Ծնվել է 1987 թվականի հուլիսի 13-ին Դոնի Ռոստովում, հայկական, ռուսական և հունական արմատներ ունեցող ընտանիքում։ Իսկական անունը Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան է։ Նախատատը ազգությամբ հույն Եվա Ռիվասն էր, ում անունը երգչուհին օգտագործել է որպես կեղծանուն:

9 տարեկանից Եվան երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում, շրջագայել է ՌԴ տարբեր քաղաքներում և արժանացել բազամթիվ մրցանակների։ 2005-ին արժանացել է Ռոստովի «Ոսկե ձայն», «Միսս Դոնի մարգարիտ» տիտղոսներին, ինչպես նաև «Կովկասի վիցե-միսս» տիտղոսի և այս ամենը մինչև 18 տարեկան: Այդ ժամանակ էլ նրան նկատել է պրոդյուսեր Վալերի Սահարյանը, և նրա կյանքում նոր փուլ է սկսվել։

2010թ. «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը: Նրա ձեռքի ծիրանի կորիզը դարձել է հայրենի հողի կարոտի խորհրդանիշը, իսկ երգը՝ Սփյուռքի օրհներգը։ Եվան «Եվրատեսիլ»-ի այն եզակի մասնակիցներից է, ում երգը ոչ թե սիրո, այլ արմատների մասին էր։ Եվ պատահակն չէ, որ նրա ելույթը մինչ օրս հիշվում է որպես ամենաանկեղծներից մեկը:

Մրցույթից հետո նա շարունակել է կարիերան՝ ձայնագրելով երգեր, մասնակցելով հեռուստաշոուների և հյուրախաղերի։ Նա չի վախենում լինել պայծառ, ազատ և ասել այն, ինչ մտածում է: