Միջանցքի թեմայով գործածվող բառերը՝ «արտապատվիրակում» և «սուվերենություն», հակասում են իրար. Բալասանյան

17 Հուլիսի 2025, 19:20

Քաղաքականություն

Մտահոգիչ է, որ որոշում է կայացվում՝ մասնավոր ընկերությունը կարող է վերահսկել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան մտնող և ՀՀ-ից դուրս եկող բեռները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի հնարավոր «արտապատվիրակման» մասին:

«Այսպես կոչված «արտապատվիրակում»-ը և «սուվերենության սկզբունքը» հակասում են իրար: Եվ տարածքի նկատմամբ մասնավոր ընկերության հսկողության տարածում նշանակում է՝ պետությունը կա՛մ չի ունենալու վերահսկողություն այդ ճանապարհի վրա, կա՛մ ունենալու է սահմանափակ վերահսկողություն: Եվ երբ փորձում են դա ներկայացնել, որ սուվերենության խախտում չէ, անկեղծ ասած, սա ոչ մի կերպ չի դիմանում քննադատությանը:

Բավականին մտահոգիչ է, որ որոշում է կայացվում՝ մասնավոր ընկերությունը կարող է վերահսկել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան մտնող և ՀՀ-ից դուրս եկող բեռները, բայց նաև նույն մասնավոր ընկերությունը կարող է և չվերահսկել, իսկ ՀՀ-ն հետագայում կարող է կանգնել խնդրի առաջ»,- նշել է Բալասանյանը:

Միջազգայնագետի խոսքով՝ այս ողջ գործընթացի թիկունքում Միացյալ Նահանգներն է կանգնած:

«Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների միջոցով փորձում է անել ամեն ինչ, որ միջանցքը ստանա և կարողանա անվերապահ վերահսկողություն իրականացնել այդ ճանապարհի նկատմամբ: Առաջին հերթին այս կերպ նրանք ցանկանում են վերահսկողություն իրականացնել հայ-իրանական սահմանի վրա»,- եզրափակել է Բալասանյանը:

Հիմա եթերում