ԵՄ-ին Հայաստանի ներգրավումն ավելի շուտ կորուստներ կբերի, քան ձեռքբերումներ. Դմիտրի Նովիկով

Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է Եվրոպական Միության կազմում:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանին Եվրամիություն ներքաշելը ավելի շուտ կորուստներ կբերի, քան ձեռքբերումներ։

«Այսպես կոչված եվրաինտեգրման գործողությունները, որոնք Փաշինյանն իր թիմի հետ իրականացնում է, մեղմ ասած, տարբեր արձագանքների են հանդիպում, տարբեր արձագանք առաջին հերթին հենց Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Քանի որ շատ քաղաքացիներ ավելի իրատեսորեն են նայում իրավիճակին և հասկանում են, որ Հայաստանին Եվրամիություն ներքաշելը ավելի շատ կորուստներ կբերի, քան ձեռքբերումներ, որովհետև ակնհայտ է, որ այդ որոշումից ոչ մի տնտեսական, սոցիալական օգուտ չի լինի։ Ընդ որում, խզվելու են առևտրատնտեսական և մշակութային կապերը Ռուսաստանի հետ, որի հետ Հայաստանը միասին երկար պատմական ճանապարհ է անցել՝ և՛ցարական Ռուսաստանի շրջանակներում, և՛ առավել ևս Խորհրդային Ռուսաստանի շրջանակներում, որտեղ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության լիիրավ հանրապետություններից մեկն էր:

Եվ պարզ է, որ հայ քաղաքացիների այն հատվածի համար, որոնք, ձգտելով հոգ տանել իրենց ընտանիքների ապագայի մասին, կառուցել են համագործակցային կապեր Ռուսաստանի հետ, ստեղծել են իրենց բիզնեսը՝ ռուս գործընկերների մասնակցությամբ, սա ունենալու է ամենատարբեր բացասական հետևանքներ», — ասել է Նովիկովը։

Պատգամավորի խոսքով՝ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, երկիրը ստիպված կլինի միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությանը, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար:

«Եթե, օրինակ, մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ, ուրեմն պետք է ներքաշվի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների քաղաքականության մեջ։ Եվ այդ կապակցությամբ նա ստիպված կլինի խզել սեփական տնտեսական կապերն ու տնտեսական արտոնությունները, ինչը բացասաբար կանդրադառնա և՛ հայկական բյուջեի, և՛ հսկայական թվով հայ ընտանիքների կյանքի որակի վրա։ Բացի այդ, այնպիսի բան, ինչպիսին ժողովուրդների պատմական հիշողությունն է, շատ ուժեղ է, և հայ հասարակության ամենաառողջ հատվածը լավ է հիշում, որ մենք միասին ենք եղել ֆաշիստական ագրեսիան հետ մղելու տարիներին։ Եվ հայերի մեջ կային նաև բազմաթիվ հերոսներ, որոնք մարտնչել են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, պարգևատրվել են Խորհրդային բարձր պարգևներով, հասել են մեծ կոչումների: Նրանցից է մարշալ Բաղրամյանը, և նա միակը չէ, ով հերոսաբար իրեն դրսևորել է գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի դեմ մարտադաշտերում, ուստի այդ բոլոր գործողությունները չեն բխում առաջին հերթին հենց հայ ժողովրդի շահերից։

Հասկանալով այս ամենը՝ Փաշինյանը միաժամանակ մի քանի քայլ է ձեռնարկում: Բացի ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակելու հետագա մտադրությունների մասին հռչակագրից, բացի Եվրամիության դռները թակելու ցանկությունից, նա նաև հայտարարում է, որ Հայաստանը դիմել է ՇՀԿ-ին՝ անդամակցելու համար։ Եվ սա փորձ է հարթել իրավիճակը հայ հասարակության այն հատվածի համար, որը շատ ավելի ստեղծագործ, քիչ առճակատման է տրամադրված իր հարևանների, Ռուսաստանի նկատմամբ։ Բայց կարծում եմ, որ ՇՀԿ-ի թեման կարող է ծխածածկույթ լինել Փաշինյանի հետագա քայլերի համար՝ Հայաստանը արևմտյան քաղաքականության դիրքորոշումից կախվածության մեջ գցելու համար», — եզրափակել է Նովիկովը։

Հիմա եթերում