Գևորգ Պողոսյան. Ե՞րբ մարդու ուղեղի մեջ կներդրվի արհեստական բանականությունը. «Ալֆա զրուցակից»
19 Հուլիսի 2025, 21:20
Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը «Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում զրուցել է «ReArmenia» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ:
«Տարբեր արհեստական բանականություններ կան, որոնք իրարից տարբերվում են ալգորիթմերով և տվյալների բազայով։ Մեր ամենօրյա օգտագործվող գործիքներն, օրինակ, GG կամ Yandex, արհեստական բանականություն են օգտագործում, մշակում են բոլոր տվյալները և ամեն հաջորդ պատվերի ժամանակ առաջարկում են հասցեն, որտեղ ուզում ես գնալ։ 2022 թվականից, երբ հրապարակվեց Chat GPT 3․5-ը, արհեստական բանականությունը դարձավ զանգվածային օգտագործման ենթակա ինտերֆեյս»,- ասել է Գևորգ Պողոսյանը։
Նա նշել է՝ Chat GPT-ի ի հայտ գալուց հետո արհեստական բանականությունը որպես տեխնոլոգիա ընդլայնվեց, և մարդիկ կարողացան տարբեր պրոդուկտներ ստեղծել։
Պատասխանելով հարցին, թե արհեստական բանականությունը կարո՞ղ է կատարել մարդու դերը, Գևորգ Պողոսյանը նշել է․ «Գործիքներ դեռ չունենք, որոնք կկարողանան չափել մարդու մտքերը, ծրագրերը: Դեռևս պայմանական ասած «Agentic AI»-ի փուլում ենք։ Սրան հաջորդելու է «ֆիզիկական AI»-ի դարաշրջանը, որն արդեն շատ է մոտ լինելու մարդուն»։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը՝ սնվելով համացանցում առկա տվյալներով, համապատասխան ձևով պատասխանում է մարդուն։ «Այսինքն՝ մարդու էմոցիաների ինտերպրետացիաներ արդեն տեսնում ենք։ Բայց սա, կարծում եմ, սոցիալական խնդիրների կհանգեցնի, օրինակ, դեռահասներն իրենց ամենամոտ ընկերը կհամարեն արհեստական բանականությանը՝ մոռանալով, որ դա այս կամ այն հարցը լուծելու համար մարդու կողմից ստեղծված հերթական գործիքն է»,- նշել է Գևորգ Պողոսյանը։
Ըստ նրա՝ միանշանակ չէ, որ կստացվի կառավարել շատ արագ զարգացող AI-ները, բայց նաև խորհուրդ է տալիս մաքսիմալ օգտագործել դրանց հնարավորությունները։
«Իմաստ չկա, որ մարդը մասնագիտանա մեխանիկական պրոցեսների մեջ։ Օրինակ, նոր սերունդը պետք է պատասխանի ոչ թե «մեծանաս ի՞նչ ես դառնալու», այլ «մարդկության ո՞ր խնդիրն ես լուծելու» հարցին։ Կրթությունը ոչ մի դեպքում առաջվանը չի լինելու։ Հիմա կրթությունը պետք է համակարգված լինի, պետք է ունենանք «ամբողջագետներ»»,- հավելել է Գևորգ Պողոսյանը։