Թբիլիսին ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև շարունակվող երկխոսությանը. Վրաստանի ԱԳ նախարար

22 Հուլիսի 2025, 15:31

Քաղաքականություն

Վրաստանում ուշադիր հետևում են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Բոճորիշվիլին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում կայունության նշանակությունը։ Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։ Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը, հուսով ենք, շուտով կստորագրվի», — ասել է նա։

Մակի Բոճորիշվիլիի խոսքով՝ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ:

«Մենք միշտ ասել ենք և նորից կկրկնենք՝ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեցանք։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ բոլոր երեք երկրների փոխնախարարները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով երեք երկրների միջև համագործակցությունը շարունակելու ներուժ ունենք։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են։ Այս համատեքստում կարևոր է մեր երկրների միջև համագործակցությունն ու գործընկերությունը։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է դիտարկվել որպես որոշակի հնարավորություն՝ ի շահ Վրաստանի և Ադրբեջանի, և հաշվի առնելով այդ շահերը՝ մենք կարող ենք լայն համագործակցություն զարգացնել տարածաշրջանի այլ երկրների հետ և օգտագործել այն ներուժը, որ մեր երկրներն ունեն այս պայմաններում», — հայտարարել է Բոճորիշվիլին։