Ինչի՞ եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր դիակներ ունենանք, որ խելքի՞ գաք. պետնախարարը՝ միջազգային հանրությանը

14 Հուլիսի 2023, 10:24

Քաղաքականություն

Այսօր արցախցին ելել է ոտքի, որ ասի՝ բավ է, Ադրբեջանն ուզում է Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը, ինչը մենք թույլ չենք տալու: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ներկայացնելով շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետը՝ նա դիմեց միջազգային հանրությանը.

«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ եք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր դիակներ ունենանք, որ նոր արձագանքե՞ք, ուզում եք երկու օր առաջ մեր երկրում տեղի ունեցած երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն լինի, որ խելքի գաք: Բավակա՛ն է, արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենտարբեր բնույթի տառապանքներ, ամեն օր մեր մայրերն ու քույրերը, արցունքները թաքցնելով, նայում են իրենց երեխաների աչքերին ու պատասխանատվության տակ խեղդվելով ընտրություն անում եւ ամեն անգամ անվերապահ ընտրում են հայրենիքը, մեր Արցախը»:

Պետնախարարը հայտարարեց, թե պատերազմից հետո ուշադրությամբ հետեւում են այս կամ այն միջնորդությամբ տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցություններին, բայց արդյունք չեն տեսնում:

«Իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ եւ հարկ է լինում որեւէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին: Բոլորիդ անունից ասում եմ՝ բավակա՛ն է, բա՛վ է արցախցուն դարձնել ձեր հարաբերությունների կառուցման եւ հակադրությունների կարգավորման մանրադրամ, բա՛վ է մեր ժողովրդի կյանքի հաշվին խոշոր քաղաքականությունների՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը: Մենք արդեն հասել ենք եզրագծին եւ այլեւս մեր համբերության ու զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռել քաղաքական մանեւրներ կատարելու հնարավորություններ, մենք այլեւս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվելու ձեր երկրներում ծագած խնդիրները առավել հանգիստ պայմաններում հաղթահարելու հնարավորությունը ապահովելու համար, ի վիճակի չենք, որովհետեւ այլեւս հյուծվելու տեղ չունենք, որովհետեւ ցանկացած զիջում այլեւս մեր երեխաների կյանքի գնով է եւ մենք դա երբեւէ չե՛նք զիջելու, մեր երեխաների կյանքը չե՛նք սակարկելու»,- հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը:

Հիմա եթերում