«Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր շոուին. Երևան են ժամանել ներկայացման 150 մասնակիցները

30 Հուլիսի 2025, 16:10

Մշակույթ

Երևան է ժամանել միջազգային ստեղծագործական խումբը, որը մասնակցելու է «Տաշիր Արենայի» շքեղ պրեմիերային, որը կբացվի այս աշնանը՝ Երևանի կրկեսի պատմական տարածքում։

Խմբում ընդգրկված են ավելի քան 150 մասնագետներ տարբեր երկրներից՝ դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լուսավորության ու հագուստի դիզայներներ, ինչպես նաև տեխնիկական անձնակազմ։ Նրանք այստեղ են ավարտելու մինչ այս տարածաշրջանում աննախադեպ շոուի նախապատրաստական փուլը։

Սա բացառիկ նախագիծ է՝ ստեղծված հենց Հայաստանի և հայ հանդիսատեսի համար։ Շոուն ոչ թե արտագնա ներկայացում է կամ ադապտացված տարբերակ, այլ ինքնատիպ պրոդուկցիա, որն օգտագործում է ժամանակակից լույսի, ձայնի, մուլտիմեդիայի և բեմադրական տեխնոլոգիաներ։ Նմանամասշտաբային նախաձեռնություն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում։

Նախապատրաստական աշխատանքները և փորձերը շարունակվել են ավելի քան մեկ տարի։ Այժմ ամբողջ ստեղծագործական թիմը Երևանում է՝ «Տաշիր Արենայի» բեմում կատարելու վերջնական փորձերը առաջիկա պրեմիերայից առաջ։

«Մենք փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ ծնվում են հույզեր, ներշնչանք և ստեղծագործական փոխազդեցություն։ Թեև սա միջազգային նախագիծ է, նրա ձևավորմանը զգալի մասնակցություն են ունեցել նաև հայ մասնագետները։ «Տաշիր Արենան» պարզապես բեմ չէ, այլ հարթակ՝ համագործակցության, փորձի փոխանակման և տեղական տաղանդների աջակցության համար», — նշում են կազմակերպիչները։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը կրկեսային արվեստի ճանաչված վարպետ Պավել Բրյունն է, որի աշխատանքները ներկայացվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, ինչպես նաև «Cirque du Soleil» և «DRAGONE» ընկերությունների բեմերում։

«Մենք երկար ենք նախապատրաստվել, որպեսզի Երևանում ցուցադրենք լավագույնը, ինչ այսօր կարող է առաջարկել թատերական ու կրկեսային արվեստը։ Առջևում վերջին փորձերն են և պրեմիերան, որը վստահ եմ՝ իսկական տոն կդառնա բոլորի համար։ Այս շոուն ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար, և նման նախագծեր աշխարհում քիչ են հանդիպում», – ասել է Բրյունը։

Հիմա եթերում