Ադրբեջանը պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել, այն ստեղծել է Խորհրդային միությունը. Յակով Կեդմի
01 Օգոստոսի 2025, 22:25
Իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի միջև ծագած կոնֆլիկտը, Փաշինյանի՝ Ռուսաստան այցը, Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի ծրագրերը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Մոտավորապես այս տարվա սկզբից Ալիևը որոշել է փոխել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա սկսվեց Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը չմասնակցելուց, այնուհետև շարունակվեց ինքնաթիռի կործանման վերաբերյալ հակառուսական, առանց որևէ հիմքի սադրիչ հայտարարություններով։ Այս ռուսաֆոբ արշավը հայտարարություններից վերածվեց Ռուսաստանի, Ռուսաստանի քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կոնկրետ գործողությունների։ Ալիևը հայտնեց իր դիրքորոշումը, որն է՝ Ռուսաստանը տեղ չունի Կովկասում, որ Ռուսաստանը թույլ է, և նրա հետ հաշվի նստել պետք չէ։ Մենք նաև հաճախ ենք տեսնում սադրիչ, ցուցադրական եղբայրություն Ուկրաինայի հետ և հայտարարություններ ի պաշտպանություն Կիևի։
Հավանաբար, Ալիևը եկել է այն եզրակացության, որ այսօր՝ Հայաստանի նկատմամբ իր հաղթանակից հետո, ավելի ճիշտ այն բանից հետո, երբ Փաշինյանը դավաճանեց Հայաստանին և ամեն ինչ հանձնեց, Ադրբեջանն ուժ ունի։ Նա որոշել է, որ Ռուսաստանը թուլացել է, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի գլխավոր հովանավորը, ուժեղանում է, և այդ պատճառով հիմա ճիշտ ժամանակն է զբաղեցնել հակառուսական, ռուսաֆոբ դիրքորոշում՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից բոլոր դիվիդենտները ստանալու համար, և որպեսզի մոռացվեն Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պահանջները, ինչպես դա եղել է նախկինում, երբ Եվրոպան պատժամիջոցներ էր կիրառում։ Այսինքն, սա զուտ սառը, ցինիկ հաշվարկ է»,- ասել է Կեդմին։
Փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական համբերություն է դրսևորում, բայց եթե ամեն ինչ անցնի ՌԴ-ի դեմ կոնկրետ ռազմական գործողությունների, ապա նա դա չի հանդուրժի։
«Ռուսաստանը փորձում է հանդարտեցնել և վստահեցնել Ադրբեջանին, որ ինքը պատրաստ է շարունակել բարեկամական հարաբերությունները, որ դա ձեռնտու է երկու երկրներին, և ընդհանրապես պետք չէ սրել հարաբերությունները։ Ինձ թվում է, որ եթե այս ամենն անցնի Ռուսաստանի դեմ կոնկրետ ռազմական գործողությունների, ապա դա կլինի այն սահմանը, որը Ռուսաստանը չի կարող հանդուրժել»,- ընդգծել է Կեդմին։
Փորձագետի կարծիքով՝ Ալիևը որդեգրել է հակառուսական և նույնիսկ ռուսատյացության կուրս։
«Շատ հաճախ պատմության մեջ եղել է այնպես, որ երկիրն իր ուժերն այնքան էլ ճիշտ չի հաշվարկել, արկածախնդրության է գնացել, և դա նրա համար վատ է ավարտվել։ Ուկրաինան հրաժարվեց Ռուսաստանի հետ համաձայնության գնալ՝ շարունակելով իր ռուսաֆոբ քաղաքականությունը։ Եվ որտե՞ղ է հիմա Ուկրաինան, ի՞նչ է մնացել նրանից, և որտեղ է նա գլորվում։ Ադրբեջանը կրակի հետ է խաղում։ Ադրբեջանը պատմության մեջ երբեք չի եղել, այն ստեղծել է Խորհրդային միությունը, միայն Խորհրդային Միությունում է եղել ադրբեջանական հանրապետություն։ Վրաստանը եղել է, Հայաստանը եղել է, Ադրբեջանը երբեք չի եղել, իսկ ժողովուրդը եղել է տարբեր անուններով, ադրբեջանական ժողովրդի մեծ մասն այժմ ապրում է Իրանում։ Եղել են ժողովուրդներ, որոնց ղեկավարներն իրենց պատմության մեջ անխոհեմ քայլեր են արել՝ գերագնահատելով իրենց ուժերը, և դրա համար նրանց ժողովուրդները հատուցել են։ Ադրբեջանը կարող է շատ արագ հայտնվել նույն վիճակում»,- նշել է Կեդմին։
Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի՝ Հայաստանի վերաբերյալ ծրագրերը միշտ նույնն են եղել, միայն ձևակերպումներն են տարբեր եղել։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է, որ Հայաստանը որպես պետություն անհետանա, ապա թող ապավինի Թուրքիային։ Հայ ժողովուրդը երբեք ավելի մեծ սպառնալիք և ավելի մեծ թշնամի չի ունեցել, որը ոչնչացրել է հայերին, քան Թուրքիան»,- ընդգծել է Կեդմին։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցին, փորձագետը նշել է, որ նպատակ ուներ ցույց տալ, որ նա դեռ վերջնական չի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Փաշինյանը դեռ չի հասել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզման փուլին, ուստի նա փորձում է ինչ-որ կերպ ցույց տալ, թե ես դեռ լիովին չեմ հեռացել։ Նա բոյկոտում է բոլոր հիմնական ֆորումները, որոնց վրա հիմնված են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։ Իսկ սա աշխատանք է հանրության համար։ Այս ֆորումը իմաստ չունի, կոնկրետ արդյունքներ չկան, Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Այցի նպատակն է ցույց տալ, որ ես դեռ վերջնականապես չեմ խզել հարաբերությունները։ Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության տակ նա կարող է ավելի հեռուն գնալ»,- նշել է Կեդմին։
Փորձագետը նաև մեկնաբանել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացումը։