Հայաստանը հաստատել է ԵԱՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը
05 Օգոստոսի 2025, 17:10
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Համաձայնագիրը նախատեսում է տարանցման միասնական համակարգ ԵԱՏՄ ու համակարգի կողմ հանդիսացող երրորդ երկրների միջև։ Համաձայնագրով հնարավորություն է ընձեռվում, որ երրորդ երկրները միանան այդ համակարգին, որը կիրառվելու է, երբ ապրանքները տարանցիկ փոխադրվեն համակարգի կողմ հանդիսացող երկրների տարածքով։
Միասնական համակարգը թույլ է տալու մաքսային տարանցման հայտարարագիրը ներկայացնել մեկ անգամ, իսկ երրորդ երկրներին հնարավորություն է ընձեռվելու միանալ արդեն իսկ գործող միասնական էլեկտրոնային համակարգին։