Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի հաշվին է լինելու, լավ բան պետք չէ սպասել. Գրիգոր Բալասանյան
06 Օգոստոսի 2025, 20:30
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիևը ԱՄՆ-ում Թրամփի միջնորդությամբ «խաղաղության պայմանագիր» չեն կնքի: Կառավարությունն այսօր հաստատեց, որ օգոստոսի 7-ից 8-ը Փաշինյանը Վաշինգտոնում կհանդիպի նախ Թրամփի հետ, ապա տեղի կունենա Փաշինյան- Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
«Եռակողմ հանդիպումը լինելու է ՀՀ շահերի հաշվին, քանի որ Թրամփը նախ գործարար է, հետո՝ նախագահ: Նա հաշվարկ է անելու, թե որ պետության հետ ավելի լավ պետք է լինել տնտեսական օգուտ ստանալու համար, և այստեղ Ալիևը նրան առաջարկելու շատ ավելի բան ունի, քան Հայաստանը: Իսկ եթե քննարկվի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ապա ամերիկյան կողմն առաջին հերթին իր շահերն է առաջ տանելու: Թրամփին այդքան էլ հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը, իրեն հետաքրքիր է, որ մտադրությունների ինչ-որ հուշագիր լինի, որ ինքը Սպիտակ տանը կարողանա հայտարարել, որ ԱՄՆ-ն դարակազմիկ իրադարձության գլուխ է կանգնել և հնարավոր է եղել ստորագրել այդ պայմանագիրը: Իսկ իրականում Թրամփին պետք է հայ-իրանական սահմանը, քանի որ ինքը Իրանի հետ կապված Նեթանյահուի հետ հեռուն գնացող պլաններ ունի: Հետևաբար, ես չեմ կարծում, որ այդ հանդիպման ժամանակ կլինեն լուրջ ձեռքբերումներ և պայմանավորվածություններ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը:
«Խաղաղության պայմանագրի» նախաստորագրման համար էլ Երևանն ու Բաքուն հեռու են, կարծում է միջազգայնագետը, ընդգծելով, որ Բաքվի պահանջները օր օրի ավելանում են:
«Նախաստորագրման համար կողմերը դեռ պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները, բայց Ալիևը ամեն օր նոր պահանջ է առաջ քաշում: Բացի այդ, կողմերը չեն կարող ստորագրել պայմանագիր, որը չի համաձայնեցվել և կհակասի տարածաշրջանային առնվազն երկու գերտերության՝ Իրանի և Ռուսաստանի շահերին: Հետևաբար, խոսել, որ Թրամփը կկարողանա հրաշք գործել և Երևանին ու Բաքվին ստորագրել տալ պայմանագիր, առանց հաշվի առնելու տարածաշրջանային տերությունների կարծիքը, ես թերահավատ եմ»,- նշեց Բալասանյանը:
Միջազգայնագետը կարծում է, որ ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրեջանական բանակցությունները միտված են ոչ միայն Թրամփին աշխարհի առաջ որպես հաշտարար ներկայացնելու, այլև ԱՄՆ նախագահի նպատակը հեռուն գնացող է:
«Թրամփը չափից դուրս փառասեր անձնավորություն է, իհարկե, նա շատ լավ կզգա, որ միջազգային մամուլը իրեն ներկայացնի որպես խաղաղարար Թրամփ, բայց խնդիրը միայն դա չէ: Թրամփը լսել է, որ Զանգեզուրում կան ինչ-որ պղնձամոլիբդենային հանքեր, և այնտեղ ռուսական կապիտալ կա, ինչը լավ շանս է ռուսների ձեռքից կապիտալ խլելու, ինչպես նաև գումար աշխատելու համար: Եթե կարելի է հաճելին օգտակարի հետ զուգակցել, և՛ գումար աշխատել, և՛ հայ-իրանական սահմանը փակել՝ մեծ ծառայություն մատուցելով Իսրայելի վարչապետին և օգտվել հրեական լոբբինգի բարեհաճությունից ԱՄՆ-ում, ապա ինչո՞ւ չանել»,- ասաց Գրիգոր Բալասանյանը, հավելելով, որ հայ ժողովուրդը Թրամփի միջնորդությունից դրական ակնկալիքներ չպետք է ունենա:
«Լավ բան պետք չէ սպասել այս հանդիպումից, առավելագույնը, որ հայկական կողմը պետք է անի՝ խոստումներ չտա և պատրաստ լինի վատթարագույնին, քանզի Թրամփի քավորությամբ պայմանագրի ստորագրումը լավ բան չի բերելու Հայաստանին ու հայ ժողովրդին»,-շեշտեց միջազգայնագետը: