Հայաստանը զրկվում է հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից․ Վլադիմիր Շապովալով

11 Օգոստոսի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ-ին կից ՄԳԻՄՕ-ի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքները։

«Նախ պետք է նշել, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, ուստի վաղ է խոսել որևէ արդյունքի մասին։ Դեռ կա միայն մեդիա պատկեր, և դա դեռ չի նշանակում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Եթե հնչեցված գաղափարները գործնականում իրականացվեն, ապա Հայաստանի համար դա ոչ մի լավ բան չի նշանակում։ Բացի Ադրբեջանին և Թուրքիային տրված ակնհայտ զիջումներից, ձևավորվում է նաև ԱՄՆ-ից լուրջ կախվածություն։ Փաստացի Հայաստանը կորցնում է իր ամբողջական ինքնիշխանությունը, քանի որ նրա տարածքի մի մասը կանցնի ինչ-որ ամերիկյան ընկերության սեփականությանը, թեև ասում են՝ ժամանակավորապես, բայց մենք գիտենք, որ 99 տարին համարժեք է տարածքի ամբողջական օտարմանը։ Մենք հիշում ենք, որ, օրինակ, Հոնկոնգը Չինաստանից Մեծ Բրիտանիայի կառավարմանն էր անցել նույնպես 99 տարով և ի վերջո դարձավ բրիտանական գաղութ, այստեղ մոտավորապես նույն ռեժիմն է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ»,- ասել է Շապովալովը։

Քաղաքագետի կարծիքով՝ ինքնիշխանության կորուստը սարսափելի հարված է հայկական պետականությանը։

«Հայաստանը զրկվում է իր ինքնիշխան իրավունքների մի մասից, ինչը ոչ մի աշխարհաքաղաքական ու նպատակահարմարության հարցով հնարավոր չէ արդարացնել։ Բացի այդ, Հայաստանը զրկվում է հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից, որը հակամարտության ողջ երեսունհինգ տարվա ընթացքում եղել է Հայաստանի կարևոր գործընկերը և փաստացի արտաքին աշխարհի հետ միակ բաց պատուհանը։ Փաստացի «Թրամփի երթուղին» փակում է այդ պատուհանը Հայաստանի համար, և նա դառնում է խաղալիք ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի ձեռքում։ Սա է այս համաձայնագրերի գինը»,- եզրափակել է Շապովալովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում