Փաշինյանը կրկին խաբեց. միջանցքը հանձնվեց Թուրքիային և Ադրբեջանին
12 Օգոստոսի 2025, 19:40
(Դուրս կգա՞ Հայաստանը ԵԱՏՄ-ից մինչև երկրում ադրբեջանցիների «վերաբնակեցումը», թե՞ դրանից հետո)
«Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ոչ միայն խաղաղություն են երաշխավորում Հայաստանի համար, այլև տնտեսական բարգավաճում և համագործակցություն հարևանների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ստորագրվել է 7 կետից բաղկացած հռչակագիր։ Մասնավորապես, փաստաթուղթը հռչակում է կողմերի ԱԳ նախարարների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրումը, երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարության ստորագրումը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները լուծարելու վերաբերյալ, Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությանն ուղղված ջանքեր, ինչպես նաև Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և երրորդ երկրների հետ՝ ՀՀ տարածքում «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» նախագծի իրականացման շրջանակները որոշելու համար։
Սակայն, ինչպես ասել է դասականն, իրականում ամեն ինչ այլ է, քան թվում է։ Ի՞նչ է իրականում ձեռք բերել, կորցրել և չի ստացել Հայաստանը վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում։
Եթե կարճ, ապա Հայաստանը հանձնել է միջանցքը, համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն դրա դիմաց չի ստացել ստորագրված խաղաղության պայմանագիր։ Ավելին, ստորագրելով ոչ թե երկկողմ, այլ եռակողմ (միայն ԱՄՆ-ի հետ) հայտարարություն, որտեղ խոսք է գնում միջանցքի մասին (որը կոչվում է «Թրամփի ճանապարհ»), Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես Իլհամ Ալիևին դարձրել է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության բաժնետեր։
Օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից և արված հայտարարություններից պարզ դարձավ, որ՝
• ԱՄՆ-ը վերացնում է Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության սահմանափակումները (907-րդ բանաձևն արգելք էր սահմանում ԱՄՆ կողմից Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնություն տրամադրելուն, որը կարող էր օգտագործվել ռազմական նպատակներով)։ Սա ազատում է ԱՄՆ-ի ձեռքերը Բաքվին զենքի մատակարարման հարցում: Զենք, որը կարող է և կօգտագործվի Իրանի և Ռուսաստանի դեմ՝ «ուկրաինական մոդելով»։
• Բացի Զանգեզուրի միջանցքից, տարածաշրջանում ոչինչ չի «ապաշրջափակվի»։ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել միջանցքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմին հանձնելու։ Այսպիսով, Սյունիքը պաշտոնապես ճանաչվում է որպես պոտենցիալ վիճելի տարածք։
• Բաքվի այլ պահանջները ոչ մի տեղ չեն անհետացել՝ Սահմանադրության փոփոխություն, ապառազմականացում, ադրբեջանցիների «վերաբնակեցում» և այլն։
• Հայտարարելով, որ «խնդիրների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են զանգահարել Դոնալդ Թրամփին», ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Վաշինգտոնը հնարավորություն և ցանկություն չունի լինելու հրադադարի ռեժիմի պահպանման իրական երաշխավորը։
Բաքուն ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր։ Ավելին՝ Հայաստանի տարածքների հաշվին Իլհամ Ալիևը նաև նվեր է արել Դոնալդ Թրամփին՝ թղթի վրա ամրագրելով ամերիկացիների մուտքը տարածաշրջան։
Մտածե՛ք այդ մասին․․․»։