Կովկասում ցանկացած նախագծի իրագործումը հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում. Իրանի ԱԳ նախարար

17 Օգոստոսի 2025, 16:14

Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Հայաստան կատարելիք այցի նախօրեին հրապարակված հոդվածում նշվում է, որ Կովկասում ցանկացած նախագծի իրագործում հնարավոր է միայն արտատարածաշրջանային որևէ ուժերի կամ պետությունների չմիջամտելու դեպքում:

«Իրանն իրեն հավատարիմ է համարում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելուն և ընդգծում է, որ անվտանգության և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանավորված են բոլոր երկրների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավասության, փոխադարձ շահերի հարգանքի, ինչպես նաև միջազգային սահմանների անխախտելիության, տարածաշրջանում չընդգրկված երկրների և ուժերի կողմից ցանկացած ձևով և ցանկացած անվանմամբ միջամտության բացառման սկզբունքներով», — նշել է նա:

Արաղչիի խոսքով՝ երկու երկրների գործընկերության գրավականն այն է, որ հենվելով ամուր պատմական կապերի վրա՝ նրանք կողմնորոշվում են ապագայի հնարավորությունների վրա:

«Մեր ժողովուրդների սերտ մշակութային կապերը, հատկապես իրանցիների կողմից իրենց հայ հայրենակիցների նկատմամբ հարգալից վերաբերմունքով արտահայտված, ամուր հիմք են ստեղծում քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հետագա խորացման համար: Հենց այս համատեքստում է առանձնահատուկ կարևորություն ստանում նախագահ Փեզեշքյանի այցը։ Այս այցը ոչ միայն նշանավորում է ևս մեկ դիվանագիտական հանդիպում, այլև վերահաստատում է մեր ընդհանուր հանձնառությունը մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացելու հարցում:

Պատմական կապերը, աշխարհագրական մոտիկությունը, տնտեսությունների փոխլրացումը և տարածաշրջանային շահերի մերձեցումը միասին հզոր խթան են հանդիսանում համագործակցության ամրապնդման համար… Մեր առջև բացվող ճանապարհը պարզ է։

Իրանը, հենվելով մեր ընդհանուր պատմական անցյալի և մեր ընդհանուր ապագայի հորիզոնների վրա, պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ գրելու մեր երկարամյա բարեկամության նոր էջ, որն անկասկած ավելի մեծ բարգավաճում և անվտանգություն կբերի մեր երկու ժողովուրդներին, ինչպես նաև տարածաշրջանին և նրա սահմաններից դուրս: Իրանա-հայկական հարաբերությունների ապագան շատ լուսավոր է, և ոչ ոք չի կարող այն խափանել», — ընդգծել է նա։