Հայկական «Խլբանե» ժողովրդական երգը՝ «Հասկ» համույթի կատարմամբ
20 Օգոստոսի 2025, 11:44
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող «Հասկ» համույթը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը: Այս մասին հայտնում է եկեղեցու տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ խումբը ստեղծվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: Այն նպատակ ունի զարգացնելու և նորովի ներկայացնելու հայկական ժողովրդական երգերը։ Առաջին գործիքավորումը, որով խումբը ներկայացել է իր երկրպագուներին, ուրախ պարային «Խլբանե» երգն է։
Երգը ծույլ, աշխատել չսիրող մարդու մասին է։ Ստեղծագործության մեջ հայ ժողովուրդը ծաղրում է անգործությունն ու անպատասխանատվությունը։
Գործիքավորումը խմբի գեղարվեստական ղեկավար Անժելա Վարդազարյանինն է։ Երգը կատարում են Անժելա Վարդազարյանը, Գայանե Յալյանը, Անի Առաքելյանը և Ելիզավետա Հովհաննիսյանը։