Ե՞րբ է Փաշինյանը «վերաբնակեցնելու» ադրբեջանցիներին Հայաստանում
19 Օգոստոսի 2025, 11:05
(Վաշինգտոնի բանակցությունների մանրամասները, որոնց մասին պաշտոնական Երևանը լռում է)
«Նիկոլ Փաշինյանը գոհ է։ Նա գոհ է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից, որի համաձայն՝ Ադրբեջանը դարձավ Հայաստանով անցնող հաղորդակցության «բաժնետերը»։ Նիկոլ Փաշինյանը գոհ է նաև նրանից, որ, իր կարծիքով, Արցախի հարցը փակված է, և հայտարարում է, որ «առանց ղարաբաղյան հարցի փակման մենք խաղաղություն չէինք ունենա»։ Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ (չնայած հենց իշխանություններն էին վերջին 5 տարիներին այս փաստաթուղթը ներկայացնում որպես խաղաղության հիմնական երաշխիք), բայց Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է հայտարարել, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հաստատվել է»։
Ավելին, Բաքուն ոչ միայն չի ստորագրել խաղաղության պայմանագիրը, այլև չի հրաժարվել իր պահանջներից ոչ մեկից, որոնք ներառված չեն այսպես կոչված խաղաղության պայմանագրում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Բաքվի պահանջին՝ Հայաստան տեղափոխել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների։
««Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և աջակցում է այս ուղղությամբ պարոն նախագահի ջանքերին։ Մենք հուսով ենք, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների հայրենի վայրեր վերադառնալու համար։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կշարունակի իր գործունեությունն այս ոլորտում», — այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Այս հայտարարությունն ապացուցում է, որ օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարք են արել.
• Հայաստանի հաշվին Դոնալդ Թրամփին տվել են ևս մեկ «հաջողության պատմություն»՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նոմինացվելու համար։
• Հայաստանի հաշվին Նիկոլ Փաշինյանին տվել են պատկեր — Վաշինգտոնում, Թրամփի ներկայությամբ, փաստաթղթի ստորագրումը։ Այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանում կներկայացվի որպես խաղաղության իրական երաշխիք։ Հենց դա էլ այսօր Փաշինյանն արել է իր ուղերձի շրջանակում։
Եվս մեկ կարևոր նրբություն Ալեքբերլիի հայտարարության մասին. Հայաստանի իշխանությունները հաճախ իրենց ընդդիմախոսներին մեղադրում են, որ նրանք են «հայկական մեդիադաշտում տարածում ադրբեջանական նորություններն ու նարատիվները»։ Սակայն ուշագրավ է, որ փաշինյանական քարոզչության հետ կապված «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքն առաջիններից էր, որ տարածել է այն ինֆորմացիոն ֆեյքը, թե իբր Ադրբեջանում սկսել են լուծարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները, և որ դա իբր կապված է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների հետ։
Բայց նույնիսկ առանց այդ քարոզչական ալիքի հրապարակման վրա կենտրոնանալու, դժվար է ասել, թե արդյոք հնարավոր է հայկական մեդիադաշտում գտնել մի ելույթ, որն ավելի շատ հագեցած լինի ադրբեջանական նարատիվներով, քան Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։