Անապայում անցկացվել են «Նավասարդյան խաղեր»
22 Օգոստոսի 2025, 14:24
«Մուշ» արվեստի կենտրոնում տեղի են ունեցել Անապայի առաջին «Նավասարդյան խաղերը»։ Տոնակատարությանը մասնակցել են ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ, ինչպես նաև կազմակերպվել են տոնավաճառներ, վարպետության դասեր։ Այս մասին հայտնել է «Մուշ» կենտրոնի տելեգրամյան ալիքը:
Միջոցառման կազմակերպիչներն են Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնը, «Արտ-Պլանետա» մշակութային և ստեղծագործական զարգացման կենտրոնը,Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնի «Իմ մայր» կանանց խորհուրդը։
Խաղերին մասնակցել են Անապայի, Կրիմսկ քաղաքի և Նատուխաևսկայա բնակավայրի թիմերը։
Նավասարդյան խաղերը Հին Հայաստանում տարեմուտի՝ Նավասարդի տոնակատարության ժամանակ կազմակերպվող մարզական մրցումներ էին:
Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն ամեն տարի անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղափարախոսության արմատավորումը: