Իրանը հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությամբ. Դմիտրի Բրիջե
21 Օգոստոսի 2025, 21:40
Քաղաքագետ Դմիտրի Բրիջեն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Կովկասում խաղաղությունը ռազմավարական նշանակություն ունի:
Փորձագետի խոսքով՝ Իրանի նախագահի հայտարարությունը ոչ միայն դիվանագիտական քաղաքավարություն է Երևանում, այլև ծրագրային ազդանշան այն մասին, թե ինչպես է Թեհրանը տեսնում անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում վերջին տարիների մի շարք տեկտոնական տեղաշարժերից հետո:
«Իրանն արձանագրում է մի քանի սկզբունքներ, նախ՝ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկրորդ՝ սահմանների անձեռնմխելիություն, ինչը կարմիր գիծ է, երրորդ՝ դիրքորոշում, որ տարածաշրջանից դուրս ցանկացած արտաքին արբիտր միայն բարդացնում է հավասարումը։ Եվ այդ պատճառով, իհարկե, Իրանին հետաքրքիր է տարածաշրջանի կայունությունը, ինչպես Թուրքիային և Ռուսաստանին», — ասել է Բրիջեն։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզի շուրջ ցանկացած սրացում ազդում է տարանցման, ապահովագրական դրույքաչափերի, առաքման ժամկետների և ներդրումային որոշումների վրա:
«Իրանի համար կարևոր է սահմանային անվտանգությունը, Իրանն ընդհանուր սահման ունի Հայաստանի, Ադրբեջանի հետ Արաքսի երկայնքով, ուստի հակամարտությունը սահմանին մոտ է և, իհարկե, միգրացիոն ճնշումը, արմատականացման ռիսկերը և հյուսիսային սահմաններին ռազմական մոբիլիզացիայի անհրաժեշտությունը խնդիրներ են ստեղծում Իրանի համար։ Թեհրանը շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում գերիշխի որևէ արտատարածաշրջանային ուժ, և որքան շատ արտաքին խաղացողներ լինեն Կովկասում, այնքան ավելի հեշտ կլինի Իրանին շրջափակել: Այստեղից էլ Փեզեշքիանի թեզը՝ տարածաշրջանում առաջնորդությունը պետք է լինի կովկասյան», — նշել է Բրիջեն։
Փորձագետի խոսքով՝ Իրանը չի ցանկանում նաև թույլ տալ, որ Անկարայի ազդեցության շարունակական աղեղ ձևավորվի Նախիջևանից մինչև Կասպից ծով: