Բաղդադից մինչև Ամստերդամ․ հայի հոգու ձայնը
31 Օգոստոսի 2025, 22:16
Երաժիշտ Մեսիա Գարաբեդյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Իրաքի Բաղդադ քաղաքում: Թեև մեծացել է պատմական հայրենիքից հեռու, սակայն հենց Հայաստանն է ոգեշնչման աղբյուր դարձել նրա ստեղծագործության համար։ Այսօր նա ապրում և աշխատում է Ամստերդամում, որտեղ դարձել է հայկական սփյուռքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:
2007 թվականից Մեսիան ակտիվորեն ելույթ է ունենում՝ համադրելով հայկական ավանդույթները ժամանակակից երաժշտական ոճերի հետ: Նա հայտնի է դարձել հարսանեկան երգերի կատարումներով, որոնցում հնչում է ոչ միայն մեղեդին, այլև հայկական մշակույթի շունչը։ Նրա ստեղծագործությունները նաև կամուրջ են անցյալի և ներկայի միջև։
Նա ունի երկու երաժշտական ալբոմ, ելույթ է ունեցել տասնյակ երկրներում՝ Հայաստան, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հորդանան, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ: Երաժշտական քննադատները նրա մասին ասել են․ «Նա արտիստ է, որին հաջողվել է համատեղել ավանդական ժանրը փոփ երաժշտության նուրբ տարրերի հետ՝ պահպանելով հայկական երգի հոգին ու խորությունը»:
Մեսիան նաև տաղանդավոր դաշնակահար է։ Նրա կատարումը առանձնանում է հուզականությամբ, տեխնիկական ճշգրտությամբ և երաժշտական ժառանգության նկատմամբ հարգանքով:
Նա նաև ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կյանքին՝ ելույթ ունենալով մշակութային և բարեգործական միջոցառումներին։
Ընտանիքի երաժշտական արմատները խորն են. նրա հորեղբայրը՝ Քրիստոֆեր Գարաբեդյանը ևս մեծ երաժիշտ է, և հայտնի է արևմտյան և արևելյան մեղեդիների համադրությամբ:
Մեսիան վերջերս է ամուսնացել։ Նրա կինը ռուսաստանաբնակ Հասմիկ Գաբրիելյանն է։
Մեսիա Գարաբեդյանը հայկական սփյուռքի ձայնն է, ձայն, որը հնչում է աշխարհում՝ արժանապատվությամբ, ջերմությամբ և իր արմատներին հավատարմությամբ: