Պակիստանին հետաքրքիր չէ Հայաստանը, նա իր պարտավորությունը կատարեց և վետո դրեց. Գրիգոր Բալասանյան

02 Սեպտեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը թերահավատ է Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում, ինչի մասին օգոստոսի 31-ին Չինաստանում փաստաթուղթ ստորագրեց հայկական կողմից արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ Պակիստանից՝ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը:

«Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Քայլերի հերթականությունը հուշում է, որ նախ պետք է Պակիստանը ճանաչեր ՀՀ-ն, հետո ստորագրվեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ: Սա Հայաստանին լավ բան չի խոստանում և դրա մասին խոսում է նաև այն, որ Պակիստանն արգելափակում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանի անդամակացության հայտը, որովհետև Հնդկաստանն էլ արգելափակել է Ադրբեջանինը: Հնդկաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի, Ադրբեջանը Հնդկաստանի համար իր թշնամու թշնամին է, անհասկանալի է մնում Հայաստանի հետ կաված Պակիստանի մոտեցումը: Սա նույն թուրքական գործընթացի շարունակությունն է, այսինքն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատում են, բայց կլավացնեն հարաբերությունները, երբ Հայաստանը լավացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Թուրքիայի հետ սխալ արեցինք, հիմա այդ նույն սխալը թույլ ենք տալիս Պակիստանի դեպքում»,- ասաց Գրիգոր Բալասանյանը:

Միջազգայնագետը կարծում է, որ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլը կարող է բացասական ազդել հայ-հնդկական հարաբերությունների վրա:

 «Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ սահմանափակվա՞ծ կամ կաշկանդվա՞ծ է լինելու այլևս ռազմական տեխնիկա չվաճառել Ադրբեջանին, համատեղ զորավարժություններ չանցկացնել: Պակիստանի առաջ հարց բարձրացվե՞լ է, որ ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ Հադրութում կռվում էին նաև Պակիստանի լեռնային հրաձիգները: Եթե այս հարցերը պարզաբանված չեն, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է խոսքը: Հայաստանը հերթական անգամ ընկավ թուրքադրբեջանական, թյուրքական աշխարհի լարած թակարդը, որը վնասից բացի Հայաստանին ոչինչ չի տալու: Մենք ըստ էության արդեն վտանգում ենք հայ-հնդկական հարաբերությունները, ես չեմ զարմանա, որ մոտ ապագայում Հնդկաստանը հայտարարի՝ Հյուսիս-Հարավ միջանցքը այլ ճանապարհով՝ Իրանով, Կասպից ծովով, Ռուսաստանով տանելու մասին՝ շրջանցելով Հայաստանը, մինչդեռ Հնդկաստանը ինքն էր պնդել, որ Հյուսիս-Հարավը պետք է անցնի Հայաստանով՝ ի հակակշիռ Ադրբեջան-Պակիստան համագործակցությանը: Հիմա մենք կտրում ենք հայ-հնդկական դարավոր բարեկամության թելը, գնում մի պետության հետ համագործակցության հույսով, էն դեպքում, երբ այդ պետությունը մեզ թշնամի է համարում ու մեզ չի ճանաչում….Պակիստանին հետաքրքիր չէ Հայաստանը և չի էլ լինելու: Ինքն իր բաժին պարտավորությունը կատարեց, վետոն դրեց, փչացրեց հայ-հնդկական հարաբերությունները, հետո, թե ինչ կլինի, արդեն ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Պակիստանին է հետաքրքիր»,- ասաց Գրիգոր Բալասանյանը:

Հիմա եթերում