ՀՀ-ի և Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին ժամանակ է պահանջում, բայց գործընթացն ընթանում է. Ալիմով
23 Սեպտեմբերի 2025, 11:20
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը ոչ թե ձգձգվում է, այլ անցնում է սահմանված ընթացակարգին համապատասխան: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ նոր անդամներ ընդունելու վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի միջոցով։
Ըստ Ալիմովի՝ ՇՀԿ-ին նոր պետությունների անդամակցության մեխանիզմը վաղուց մշակվել է և ապացուցել իր հուսալիությունը:
«Կազմակերպության պատմության մեջ ոչ մի հայտ չի մերժվել. յուրաքանչյուրը դիտարկվում է անհատապես և հատուկ ուշադրությամբ», — նշել է նա:
Նա նաև հավելել է՝ արտաքինից կարող է թվալ, որ գործընթացը ձգձգվում է, սակայն դա չի արտացոլում իրականությունը։
«ՇՀԿ-ում ընդունված չէ հապճեպ որոշումներ կայացնել, բայց կարևոր է, որ հայտերի վրա աշխատանքը շարունակվի», — եզրափակել է Ալիմովը: