Իրանը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ ՀՀ-ի հետ առևտրային կապերն ընդլայնելու հույս ունի. իրանցի նախարար

24 Սեպտեմբերի 2025, 22:12

Տնտեսություն և Բիզնես

Սեպտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որն ուժի մեջ է մտել այս տարվա մայիսին։

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

«Հայաստանն Իրանի համար շատ կարևոր երկիր է։ Մենք առևտրի ոլորտում փոխհարաբերությունների բարձր մակարդակ ունենք։ Մենք ֆիքսում ենք առևտրային հարաբերությունների 16% աճ։ Միևնույն ժամանակ, մենք լավ հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի Հանրապետության հետ նաև այլ ոլորտներում։ Իրականացվում են նաև համատեղ ներդրումներ։ Հուսով ենք, որ այսօրվա ճանապարհային քարտեզի ստորագրումից և Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի իրականացման շնորհիվ Իրանի և Հայաստանի միջև կտեսնենք առևտրային հարաբերությունների էլ ավելի մեծ աճ»,- ասել է Աթաբակը: