Հայաստանյան ընդդիմությունը պետք է որոշակի դասեր քաղի Մոլդովայում կայացած ընտրություններից. Տիգրան Քոչարյան

29 Սեպտեմբերի 2025, 15:31

Քաղաքականություն

Պետք է սովորել հնարավոր «բեսպրեդելին», ինչպես եղավ Մոլդովայում: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը:

«Հայաստանյան ընդդիմությունը պետք է որոշակի դասեր քաղի Մոլդովայում կայացած ընտրություններից: Պետք է սովորել հնարավոր «բեսպրեդելին», ինչպես եղավ Մոլդովայում: Հնարավոր է՝ փակվեն լրատվամիջոցներ, անջատվեն հնարավոր բոլոր ինֆորմացիոն աղբյուրները, որոնք չեն կառավարվում ՀՀ իշխանություններից կողմից: Հնարավոր են կալանավորոնումներ: Օրինակ, Մոլդովայում կալանավորվել է Գագաուզիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Եվգենյա Գուցուլը»,- ասել է Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, որ եվրոպացիներն «աչք են փակում», քանի որ Մայա Սանդուն եվրոպամետ է:

Նրա խոսքով՝ մեր ընդդիմությունը պետք է հասկանա՝ ինչպես գնալ ընտրությունների: «Այսինքն, ընդդիմությունն ընտրություններից առաջ չպետք է փորձի միավորվել միասնական դաշինքում: Շատ կարևոր է նաև այն, որ խորհրդարան կարող են անցնել այն ուժերը, որոնք 4 տոկոսից ավելի ձայն կհավաքեն՝ կուսակցության դեպքում, և 6 տոկոս՝ դաշինքի դեպքում: Այն անձինք, ովքեր գիտեն, որ չեն կարողանա հավաքել բավարար ձայներ, պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և միանան ավելի խոշոր դաշինքներին»,- նշել է Տիգրան Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS) հաղթել է նախօրեին այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես հայտնում են մոլդովական լրատվամիջոցները, նախնական տվյալներով, իշխող կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի մանդատների մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունն այս անգամ ևս պարտվել է։