14 տարվա դադարից հետո Երևանի կրկեսը վերադառնում է․ «Tashir Arena»-ն՝ բացառիկ կենտրոն Հայաստանի համար
30 Սեպտեմբերի 2025, 17:30
14 տարվա դադարից հետո Երևանի կրկեսը վերադառնում է՝ ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր շենքով։ «Էթերնիա» թատերակրկեսային շոուի պրեմիերայով հոկտեմբերի 25-ին կբացվի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային «Tashir Arena» կենտրոնը։
«Երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց Երևանյան կրկեսի շենքը, այն այդ պահին գտնվում էր վթարային վիճակում և անվտանգ չէր շահագործման համար։ Ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի նպատակահարմար է շենքը քանդել և կառուցել նոր, ավելի անվտանգ շենք, ինչն էլ սկսեց անել «Տաշիր» ընկերությունների խումբը։
Շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո կար խնդիր՝ այն տեխնիկապես համալրելու, իսկ Սամվել Կարապետյանը խնդիր էր դրել, որ շենքը համալրվի նոր տեխնոլոգիաներով։ Սկսվեց նախագծման, ձեռքբերման, հետո էլ՝ մոնտաժային և փորձարկումների փուլը, սակայն Covid-19 համաճարակը, արցախյան դեպքերը իրենց շտկումները մտցրեցին այդ բոլոր պրոցեսների մեջ: Բայց կարծում եմ՝ բոլոր սպասումներն արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին՝ ստանալով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, նոր տեխնոլոգիաներով հագեցած շենք, որտեղ կարող ենք անցկացնել տարբեր տիպի միջոցառումներ»,- նշել է «Tashir Arena»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։