Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով
30 Հոկտեմբերի 2026, 15:33
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։Մասնավորապես, Ասատրյանը տարբեր հայտարարություններ էր արել, այդ թվում՝ եկեղեցու ներսում իբրև մանկապղծության ենթադրյալ դեպքերի վերաբերյալ՝ շոշափելով Վեհափառի եղբոր անունը, թե ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել՝ այդպես էլ պարզաբանում չի տվել։ Նույն հաղորդման ընթացքում Ասատրյանը նաև շոշափել է Արշակ Սրբազանի անունը՝ խոսելով իբրև նրա և նրա քեռակնոջ հարաբերություններից, պնդել, թե կենակցել է։
Հաղորդման մասնակիցներից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ միջազգային փորձաքննությամբ դա չի հաստատվել, ստում է, Ասատրյանն արձագանքել է՝ նշելով․ «Եթե անգամ սուտ եմ խոսում, որևէ մեկ ժողով տեղի չունեցավ, որ քննեն այդ հարցը։ Կաթողիկոսն ասաց՝ եթե ես Արշակ Խաչատրյանին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի։ Լուրջ եք ասում, մեր եկեղեցին քեռակնոջ հետ կենակցող եպիսկոպոսի՞ վրա է հիմնված»։
Նշված հայտարարությունները, Արշակ Սրբազանի դիտարկմամբ, զրպարտություն են, ըստ այդմ, դատական ակտով պահանջում է հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «27.09.2026.-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։
Բացի հերքումից՝ սրբազանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։