«Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ է ընտրությունների համար». Ռոբերտ Քոչարյան
07 Հոկտեմբերի 2025, 13:11
«Եթե խաղաղության պայմանագիրը չունի երաշխավորներ, ապա դա նախընտրական քարոզչության փաստաթուղթ է», — հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Past.am-ի լրագրողի հարցին, թե ինչու է հայ–ադրբեջանական օրակարգի գլխավոր հարցը դարձել ճանապարհների ապաշրջափակումը։
«Հայաստանում ռազմական դրություն հայտարարվեց 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, և մենք պարտվեցինք։ Իսկ 1992–94 թվականներին ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվել, և մենք հաղթել ենք։ Հետաքրքիր համեմատություն է, չէ՞։ Խաղաղության պայմանագիրը, եթե ստորագրվի, լավ է, վատ չէ։ Մի բան ևս ամրագրվում է մեկ փաստաթղթով։ Բայց եթե այդ փաստաթուղթը չունի երաշխավորներ, եթե որևէ միջազգային մեխանիզմներ նախատեսված չեն, որոնք կգործեն դրա խախտման դեպքում, ապա դա պարզապես փաստաթուղթ չէ։ Դա ավելի շատ փաստաթուղթ է ընտրությունների համար, նախընտրական քարոզչության գործիք, այլ ոչ թե խաղաղության վերաբերյալ փաստաթուղթ», — ընդգծել է Քոչարյանը։