Հայաստանում խոսքը, միտքը և հավատը հայտնվել են կալանքի վտանգի տակ. Արամ Վարդևանյան

18 Հոկտեմբերի 2025, 18:44

Քաղաքականություն

Հայաստանում այլևս շատ դժվար է զարմացնել որևէ մեկին, կալանքը դարձել է ամենից հաճախ լսվող բառերից մեկը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Մեր ձևով» շարժման հանրահավաքին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր կալանավորում են խոսքի, մտքի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար։ Մենք բոլորս ականատեսն ենք ժողովրդավարության խորացող ճգնաժամին»,- նշել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ իրավունքի գերակայությունը կամ իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն։

«Դրանք մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի առօրյա կյանքի կենսական մասն են՝ մեր օդն ու ջուրը։ Իսկ երբ ապօրինաբար կալանավորվում են՝ քահանայից մինչև սրբազաններ, իրավապաշտպանից մինչև փաստաբաններ, ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, գործարարից մինչև ազգային բարերարներ, ապա անխուսափելիորեն առաջանում է պառակտում, թուլացում, անտարբերություն և անարդարություն»,- ընդգծել է փաստաբանը։