Պավել Դուբրավսկի. Թրամփի կողմից Պուտինին Եվրոպա հրավիրելը խորհրդանշական հաղթանակ է

20 Հոկտեմբերի 2025, 21:15

Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալտինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հունգարիայում սպասվող հանդիպումը։

«Հաշվի առնելով այն, ինչ մենք գիտենք «Financial Times»-ից և ամերիկյան այլ լրատվամիջոցներից, Թրամփը ճնշում էր գործադրում Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ռուսաստանի Դաշնության պայմաններին։ Մենք չենք կարող վերջնական և հարյուր տոկոսով ճշմարիտ համարել այս տվյալները, բայց, ամենայն հավանականությամբ, նման բան իսկապես եղել է, քանի որ տարբեր լրատվամիջոցներ հղում են կատարում տարբեր աղբյուրների՝ ինչպես Թրամփի թիմից, այնպես էլ, հնարավոր է, Զելենսկու թիմից։

Մինչ այժմ ամեն ինչ զարգանում է հետևյալ կերպ՝ Թրամփն, ըստ ամենայնի, հրաժարվել է «եռակողմ» բանակցությունների գաղափարից։ Նա Պուտինին հրավիրել է Եվրոպա, և Վլադիմիր Պուտինի համար սա, անկասկած, խորհրդանշական հաղթանակ է։ Բացի այդ, հրավիրվել է Հունգարիան՝ Ռուսաստանի համար ավելի բարեկամ երկիր։ Սպասվում է նաև նախնական հանդիպում ԱԳՆ մակարդակով՝ ամենայն հավանականությամբ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ով համատեղում է մի քանի առանցքային պաշտոններ վարչակազմում։ Հնարավոր է՝ սա Դոնալդ Թրամփի վերջին քայլն է՝ լուծելու հակամարտությունը, բայց երկու կողմերի համար էլ փոխզիջման պայմաններով, առաջին հերթին՝ Ուկրաինայի համար»,- ասել է Դուբրավսկին։

Փորձագետի կարծիքով՝ այս հանդիպումը Անքորիջում (Ալյասկա) դրված ազդակի շարունակությունն է։

««Թոմահավք» հռթիռների հետ կապված պատմությունը, հավանաբար, Թրամփի հռետորական սխեմայի մի մասն էր. սկզբում նա աղմուկ է բարձրացնում չնչին թեմայի շուրջ, մեծացնում այն մինչև առավելագույնը, իսկ հետո վերադառնում նրան, որ դա էական չէ և չի իրականացվի։ Հավանաբար, Ռուսաստանի հետ կքննարկվեն ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտության հարցերը, այլև փոխգործակցության այլ, ավելի լայն ուղղություններ, օրինակ՝ համագործակցություն Արկտիկայում, տնտեսական և բիզնես նախագծեր, ներառյալ Ալյասկայի և Ռուսաստանի միջև կամրջի մասին նախկինում հայտարարված նախագիծը։

Այսպիսով, ներկայիս հանդիպումը նման է Անքորիջում դրված ազդակի շարունակությանը։ Զարմանալի չէ, որ պարոն Ուշակովը նշել է, որ այդ ազդակը դեռ գոյություն ունի և գործում է. պարզապես ոչ բոլորն են տեսնում այն աշխատանքը, որը կատարվում է կուլիսների ետևում»,- եզրափակել է Դուբրավսկին: