Ավելի քիչ նավթ ու գազ, ավելի շատ խնդիրներ. Պուտինը՝ Եվրոպայի էներգետիկ քաղաքականության մասին
24 Նոյեմբերի 2026, 20:20
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուսական էներգակիրներից հրաժարվելու եվրոպական երկրների քաղաքականությանը և վառելիքաէներգետիկ համալիրում տիրող իրավիճակին։
Անդրադառնալով ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու եվրոպացիների որոշումներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ նման քայլերը լուրջ հետևանքներ են ունենում նախևառաջ հենց Եվրոպայի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից ստացվող նավթն ու գազը եվրոպական երկրներում ավելի քիչ կլինեն, իսկ խնդիրները՝ ավելի շատ։
Խոսելով ներքին շուկայի մասին՝ Պուտինն ընդգծել է, որ հոկտեմբերի սկզբին գրանցված գագաթնակետային ցուցանիշներից հետո Ռուսաստանի շրջանների մեծ մասում բենզինի գներն ընդհանուր առմամբ կայունացել են։
Բացի այդ, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կիևը չի դադարեցնում Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների վրա հարձակվելու փորձերը՝ չնայած դրանից զերծ մնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ կոչին։ Այս համատեքստում Պուտինը հանձնարարել է շարունակել համակարգային աշխատանքը՝ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։