«Tashir Arena»-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ կայացել է «Eternia» շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը

22 Հոկտեմբերի 2025, 17:41

Մշակույթ

Հոկտեմբերի 21-ին Երևանում «Tashir Arena»-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ կայացավ «Eternia» շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը: Առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն. բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանց համար այս երեկոն իսկական տոն դարձավ՝ լի լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։

«Tashir Arena»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը նշում է. «Կզարմացնենք բարձր մակարդակի արտիստական կազմի և նորագույն տեխնոլոգիաների համակցությամբ»:

«Tashir Arena»-ի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովի խոսքով՝ «Tashir Arena»-ն տարբերվում է այլ նախատիպերից, առաջին հերթին այն ժամանակակից է սարքավորումների, ձայնի ու լույսի որակով ու տարածայնությամբ: «Նույնիսկ ետնաբեմն է տարբերվող: Յուրատիպ համալիր է , որն առնվազն 200 մարդու կարող է լիարժեք ընդունել իր հարկի տակ: Այն լիովին պատրաստ է ցանկացած մասշտաբի ներկայացման»,- նշել է նա:

Իր հերթին, «Eternia» շոուի ռեժիսոր, բեմադրիչ Պավել Բրյունն ասել է. «Մեծ պատասխանատվություն է, ինչ-որ իմաստով առաքելություն ինձ համար, քանի որ շատ սիրում եմ Երևանն ու Հայաստանն առհասարակ: Ու գիտակցում էի, որ սխալվելու իրավունք չունեմ: Դե իսկ հայ հանդիսատեսից սպասումները շատ բարձր են, ի վերջո մի ամբողջ սերունդ մեծացել է առանց կրկեսի: Մենք աննախադեպ աջակցություն ենք ստանում «Տաշիր Գրուպ»-ի կողմից՝ իրականացնելու այս ամենը: Պիտի գերազանցենք բոլոր սպասումներն ու ակնկալիքները»:

«Eternia» շոուն յուրօրինակ թատերական-կրկեսային ներկայացում է՝ ստեղծված հատուկ «Tashir Arena»-ի բեմի համար։ Այն պատմում է լույսի և խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո և մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարելու ցանկացած փորձություն՝ իրականությունից այն կողմ տանող ճանապարհորդության պատմություն։ Լայնածավալ փորձերն անցկացվել են մոտ երկու տարի, իսկ շոուին մասնակցել են ավելի քան հարյուր արտիստներ տարբեր երկրներից։ Նախապրեմիերային բարեգործական ցուցադրությանը ներկա էին շուրջ 2000 հանդիսատեսներ Հայաստանի տարբեր համայնքներից։

Հիմա եթերում