Բյուզանդ Եղիայան. Հայկական Սփյուռքի ձայնը
01 Նոյեմբերի 2025, 21:30
Բյուզանդ Եղիայանը ականավոր մանկավարժ, պատմաբան, խմբագիր և հասարակական գործիչ է, ում կյանքը դարձել է տոկունության, ինտելեկտի և ժողովրդին ծառայելու խորհրդանիշ: Ծնվել է 1900թ. նոյեմբերի 1-ին Ադանայում։ Նա մանկուց հայտնվել է ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնում. ութ տարեկանում ականատես է եղել Կիլիկիայում հայերի կոտորածին՝ սարսափելի հանգամանքներում կորցնելով հարազատներին: Ավելի ուշ վերապրել է 1915 թվականի Ցեղասպանությունը և Զմյուռնիայի կոտորածը։ Այս փորձությունները ձևավորել են նրան որպես մարդ, ով իր կյանքը նվիրել է լուսավորությանն ու հիշողության պահպանմանը:
Եղիայանը կրթություն է ստացել Տարսոնի և Զմյուռնիայի ամերիկյան քոլեջներում, իսկ Զմյուռնիայից փախչելուց հետո հաստատվել է Սալոնիկում, որտեղ սկսել է աշխատել հայ և հույն փախստականների հետ: Նրա մանկավարժական գործունեությունն ընդգրկել է տասնյակ կրթական հաստատություններ, դասավանդել է օրիորդաց վարժարանում, Մերձավոր Արևելքի դպրոցներում։ Նա ամերիկյան կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հայկական դպրոցների համար պատրաստել է «Կրոնաբարոյական դասեր» դասագիրքը։
1928 թվականին, ստանալով կրթաթոշակ, ուսումը շարունակել է Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝մասնագիտանալով միջազգային իրավունքի և քաղաքագիտության բնագավառներում: Մասնակցել է Ազգերի Լիգայի կոնֆերանսներին, բարձրացրել հայ փախստականների հարցերը, հանդիպել Նանսենի, Բեռնարդ Շոուի և այլ նշանավոր անհատների հետ: Նրա գործունեությունն ընդգրկում էր Սիրիան, Լիբանանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, որտեղ նա շարունակում էր ծառայել հայ համայնքին:
1931թ-ից եղել է Կիլիկիո Կաթողիկոսի խորհրդականը, հոգևոր ճեմարանի տեսուչ, «Հասկ» և «Ծիածան» թերթերի խմբագիր: 1955 թվականին դարձել է ՀԲԸՄ քարտուղար, իսկ ավելի ուշ՝ Մելքոնյան կրթական հաստատության տնօրեն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, արժանացել է Սուրբ Մեսրոպի, Լիբանանի Մայրիների Առաջին կարգի շքանշանների, Մեծի տանն Կիլիկիո Վեհափառ Տ.Տ. Խորեն Ա կաթողիկոսի կողմից՝ Կիլիկյան Մեծ Խաչի իշխան կարգի շքանշանին։ 1982 թվականին ԱՄՆ Հայոց թեմի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։
2015 թվականին Բյուզանդ Եղիայանի արխիվը հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ որպես ցավով, ծառայությամբ և լույսով լցված կյանքի վկայություն: Նրա ժառանգությունը ոչ միայն գրքեր ու հոդվածներ են, այլև օրինակ, թե ինչպես մտավորականը կարող է հենարան դառնալ ժողովրդի համար ամենադժվար ժամանակներում: