Երբ տեսնում եմ հայերին, կարծես հարավի իտալացիներին եմ տեսնում, որտեղ իմ արմատներն են․ Ալ Բանոն՝ Alpha News-ին

30 Հոկտեմբերի 2025, 19:35

Կարծիք

Հայերն ինձ հիշեցնում են իտալացիներին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Ալ Բանոն Ստամբուլում ընթացող 18-րդ Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։

Երգիչը պատմել է, որ բազմիցս այցելել է Հայաստանում և անգամ ելույթ է ունեցել երկրի նախագահի առջև:

«Ես շատ լավ հիշողություններ ունեմ Հայաստանի և հայերի մասին։ Երբ տեսնում եմ հայերին, կարծես հարավի իտալացիներ եմ տեսնում, որտեղ իմ արմատներն են։ Հունաստանում, երբ համեմատում են հույներին և իտալացիներին, ասում են, որ նրանք ունեն նույն դեմքը, նույն ռասան, իմ կարծիքով՝ դա վերաբերում է նաև հայերին», — նշել է Ալ Բանոն։

Նա նաև պատմել է, որ ծանոթ է եղել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

«Նա շատ է երգել, շատ է ելույթ ունեցել և Հայաստանի համար արել է ավելին, քան որևէ մեկը»,- նշել է աշխարհահռչակ երգիչը։