Մոկո Հակոբյան. Հայկական լավագույն ֆիլմի մոռացված ռեժիսորը

12 Նոյեմբերի 2025, 22:00

Հայեր

Ռեժիսոր Մոկո Հակոբյանի (Նիկիտա Գևորգի Հակոբյան) ճանապարհը հայ կինոյում կարճ եղավ, բայց նա խորը հետք թողեց կինոյի պատմության մեջ:

Ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 12-ին։Դեռևս դպրոցական տարիքում՝ 1937 թվականին, Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» մանկապատանեկան- արկածային ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսի՝ Կարոյի կերպարը։ 15 տարեկանում նա արդեն աչքի էր ընկնում իր անմիջականությամբ՝ խաղալով բեմի վարպետ Ավետ Ավետիսյանի կողքին։

Այս փորձից հետո Հակոբյանը հասկացավ, որ կինոն է դառնալու իր ճակատագիրը։ Նա ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտն, այնուհետև՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և դիպլոմով վերադարձավ «Հայֆիլմ» ստուդիա։ 1955 թվականին նկարահանել է իր առաջին և սիրելի դարձած ֆիլմերից մեկը՝ «Ոսկե ցլիկը»։ Պարզ, բայց հուզիչ, հումորով և ջերմությամբ լի պատմությունն անմիջապես գրավեց հանդիսատեսի սերը և դարձավ պաշտամունքային մի քանի սերունդների համար։

«Ոսկե ցլիկը» ֆիլմը հայ կինոյին պարգևեց թևավոր խոսքեր, իսկ նրա կերպարները՝ ֆերմեր Պողոսը, տնօրեն Նաջարյանը, դարձան համաժողովրդական կերպարներ։ Գլխավոր հերոսի՝ Նաջարյանի կերպարը ֆիլմում մարմնավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Գաբրիելյանը, ում էմոցիոնալ խաղը, հատկապես վագրի հետ տեսարանում, այնքան ուժեղ էր, որ, դերասանի խոսքով, ազդել է նրա առողջության վրա:

1962 թվականին Մոկո Հակոբյանը նկարահանել է իր երկրորդ ֆիլմը՝ «Ջրերը բարձրանում են»՝ ըստ Խաժակ Գյուլնազարյանի սցենարի։ Սակայն այս աշխատանքը չի կրկնել «Ոսկե ցլիկ» ֆիլմի հաջողությունը։ Հետո ռեժիսորը հայտնվեց ստեղծագործական լռության մեջ, նրան սկսեցին մոռանալ: 1960-ականների վերջին Երևանում տարածվեց ողբերգական լուրը՝ Մոկո Հակոբյանը մահացած է հայտնաբերվել իր բնակարանում։ Նրա կյանքը հանկարծակի ընդհատվեց՝ առանց այն ճանաչման, որին նա արժանի էր։

Կինոգետ Ռոբերտ Մաթևոսյանը գրել է. «Եթե Մոկոն ավելի երկար ապրեր, նա կկանգներ Մալյանի և Դովլաթյանի կողքին»։ Եվ իսկապես, նրա ռեժիսորական ձեռագիրը՝ նուրբ, հեգնական, մարդկային, յուրահատուկ էր։ Նա կարողանում էր էկրանի հետ խոսել պարզ մարդու լեզվով, առօրյա կյանքը փոխանցել ջերմությամբ ու սարկազմով։

«Ոսկե ցլիկ»-ն ապրում է մինչ օրս։ Սա ոչ միայն ֆիլմ է, այլ մշակութային կոդ, որում հնչում է Մոկո Հակոբյանի ձայնը՝ ռեժիսորի, ով նկարահանեց մեկ ֆիլմ, բայց դրանով ասաց ամեն ինչ։