Պուտինն Անվտանգության խորհրդում մեկնաբանել է Թրամփի ծրագիրը

21 Նոյեմբերի 2025, 22:02

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը քննարկվել է դեռ Ալյասկայում կայացած հանդիպումից առաջ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր ճկունություն ցուցաբերել պայմանավորվածություններում, սակայն ԱՄՆ-ը դադար վերցրեց՝ Կիևի կողմից կարգավորումից հրաժարվելու պատճառով։

«Ալյասկայի հանդիպման հիմնական նպատակն Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի քննարկման համար ճկունություն ցուցաբերելու պատրաստակամության հաստատումն էր»,- նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան ունի Թրամփի ծրագրի տեքստը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը դեմ չէ դրան, թեև այդ փաստաթղթի շուրջ պաշտոնական բանակցություններ դեռևս չեն եղել։ Պուտինը հավելել է, որ ծրագիրը մոդերնիզացվել է Ալյասկայից հետո, սակայն դրա տեքստն առարկայորեն չի քննարկվում ռուսական կողմի հետ։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի բոլոր գործընկերներն Ալյասկայի գագաթնաժողովից առաջ պաշտպանել են հնարավոր պայմանավորվածությունները, սակայն ԱՄՆ-ին մինչ օրս չի հաջողվել ապահովել Ուկրաինայի համաձայնությունը։ Պուտինը նաև հայտնել է, որ արդեն նոյեմբերի 4-ի դրությամբ Կուպյանսկը գործնականում ամբողջությամբ գտնվում էր ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Մենք պատրաստ ենք նաև խաղաղ բանակցությունների, բայց դա պահանջում է առաջարկվող ծրագրի բոլոր մանրամասների առարկայական քննարկում»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Հիմա եթերում