«Ժամանակի միաձուլումը»․ Սոնա Սահակյանի ստեղծագործությունը՝ Նիդեռլանդների ժամանակակից արվեստի տարեգրքում

22 Նոյեմբերի 2026, 18:10

Մշակույթ

Հայ նկարչուհի Սոնա Սահակյանի «The Merging of Time» («Ժամանակի միաձուլումը») ստեղծագործությունն ընդգրկվել է Նիդեռլանդներում լույս տեսնող Grote Nederlandse Kunstkalender 2027 ամենամյա արվեստային տարեգրքում։

Մեծածավալ հրատարակությունն ընդգրկում է տարբեր հեղինակների 365 ստեղծագործություն՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական աշխատանք։ Այն ներկայացնում է Նիդեռլանդների ժամանակակից արվեստի և դիզայնի ուշագրավ նմուշները։

Սահակյանի աշխատանքը ստեղծվել է նրա հեղինակային՝ Mixing Palette խառը տեխնիկայով, որը համադրում է գեղանկարչության, լուսանկարչության, գրաֆիկայի և կոլաժի տարրերը։

Նկարչուհու ստեղծագործությունն առաջին անգամ չէ, որ տեղ է գտնում նմանատիպ հրատարակությունում․ նրա աշխատանքներն ընդգրկվել են նաև Dutch Art Calendar 2023-ում։

Սոնա Սահակյանը Հաագայի Արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտ է։ Իր ստեղծագործություններում նա համադրում է գեղանկարչությունը, գրաֆիկան, կոլաժը, լուսանկարչությունն ու վիդեոարվեստը՝ անդրադառնալով ժամանակի, հիշողության և մարդու ներաշխարհի թեմաներին։