Հրդեհ Ինդոնեզիայի հրուշակեղենի գործարանում․ կա 3 զոհ, 36 անհետ կորած

22 Նոյեմբերի 2026, 12:05

Տնտեսություն և Բիզնես

Ինդոնեզիայի Բանտեն նահանգում հրուշակեղենի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Փրկարարները շարունակում են որոնել 36 աշխատակցի։ Այս տվյալները նոյեմբերի 22-ին հայտնել է Բանտենի որոնողափրկարարական ծառայությունը։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց և կլինիկա։

Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով մոտ ժամը 17։00-ին, Ճիկանդեում՝ Սերանգի շրջանում։ Եռահարկ գործարանը պատկանում է «PT Fonusa Agung Mulia» ընկերությանը, որն արտադրում է «Milkita» ապրանքանիշի կաթնային կոնֆետներ և այլ քաղցրավենիք։

Նոյեմբերի 22-ի առավոտյան գործարանի որոշ հատվածներում դեռ կրակ կար։ Հրշեջները շարունակում էին մարել կրակի օջախներն ու սառեցնել այրված հատվածները, իսկ փրկարարները ստուգում էին շենքի այն մասերը, որտեղ կարող էին մարդիկ մնացած լինել։ Որոնումները բարդացնում էին շենքի մասնակի փլուզումն ու հրդեհից տուժած տարածքի մեծությունը։

Ավելի վաղ Detik-ը, վկայակոչելով Սերանգի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հայտնել էր, որ նախնական ցուցակում ընդգրկված 59 աշխատակիցներից 16-ի անվտանգությունը հաստատվել էր, իսկ 43-ի գտնվելու վայրը ճշտվում էր։ Ավելի ուշ որոնողափրկարարական ծառայությունը հայտնել է, որ որոնվում է 36 մարդ։ Դեռ պարզ չէ՝ արդյոք նրանցից բոլորը հրդեհի պահին գործարանի ներսում էին։

Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։ Փրկված աշխատակիցների խոսքով՝ կրակը բռնկվել է երրորդ հարկում՝ հովացման սարքավորման մոտ։ Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։