Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը զուգահեռ ներմուծման հետևանք է. Իվան Տիմոֆեև
28 Հուլիսի 2023, 22:45
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գործադիր տնօրեն Իվան Տիմոֆեևը @sanctionsrisk Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, թե արևմտյան պատժամիջոցները վերաբերում են ընկերություններին, այլ ոչ թե նրանց արտադրանքին։
«Բոլոր առևտրային անվանումներն այս կամ այն կերպ կապված են էլեկտրոնիկայի, գումարած, որքան հիշում եմ, ռադիոսարքավորումների հետ: Դե, առաջին հերթին էլեկտրոնիկա: Բայց դա չի նշանակում, որ մնացած մի քանի հազար առևտրային անվանումների արտահանման վերահսկողության խախտումը ամերիկյան իշխանությունների տեսադաշտից դուրս կմնա։ Ամենայն հավանականությամբ, դա հիմք կդառնա երկրորդային պատժամիջոցների համար։ Այսինքն՝ իրենց օրենքով կարող են երկրորդային պատժամիջոցներ կիրառել, բայց զանգվածաբար դժվար թե դա անեն։
Այլ բան է, եթե որևէ երկրում որոշ ընկերություններ ստեղծեն սխեմա, ըստ որի, պատժամիջոցների տակ գտնվող որեւէ ապրանք կներկրեն Ռուսաստան՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը։ Հետո ամերիկացիները կարող են ուղղակի քրեական գործեր հարուցել այդ ընկերությունների դեմ, ձերբակալել ու բանտարկել, երբ հայտնվեն ԱՄՆ տարածքում։ Պետք է տարանջատել այս երկրորդային պատժամիջոցները քրեական հետապնդումներից, քանի որ երկուսն էլ ռիսկային են բիզնեսի համար: Այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, որ Հայաստանի, ինչպես նաև մյուս բարեկամ ու դաշնակից երկրների հետ Ռուսաստանի առևտրի կրկնապատկումը պայմանավորված չէ պատժամիջոցների շրջանցմամբ։ Ես կասեի, որ պատժամիջոցների շրջանցման բաղադրիչն այնտեղ փոքր է։
Իրականում հիմնական աճը կապված է զուգահեռ ներմուծման հետ, սակայն դա չի ենթադրում պատժամիջոցների շրջանցում։ Օրինակով բացատրեմ՝ կա X ընկերություն՝ չինական կամ ամերիկյան, որը ինչ-ինչ պատճառներով հեռանում է Ռուսաստանից՝ ելնելով կայուն-անկայուն վիճակից, որոշ հաշվարկներից կամ հասարակական կարծիքի ճնշումից։ Բայց ապրանքները պատժամիջոցներից դուրս են, ընկերությունները հեռացել են, իսկ նման ապրանքի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել։
Օրինակ, սա վերաբերում է ցածր գնային կատեգորիաների կահույքին: Սա վարչական իրավախախտում չէ և պատժամիջոցների շրջանցում չէ։ Եթե նայենք ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փաստաթղթերը և զուգահեռ ներմուծման ապրանքների ցանկը, ապա կտեսնենք, որ դրանցից ոչ բոլորն են պատժամիջոցների ենթարկվում և մատակարարվում են միայն այն պատճառով, որ ընկերությունները հեռացել են»,- ընդգծել է Տիմոֆեևը։