ԵԱՏՄ միջկառավարական խորհրդը զեկույց է պատրաստել Հայաստանի՝ միությունից դուրս գալու հետևանքների մասին
20 Հոկտեմբերի 2026, 15:15
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը պատրաստվել է և կփոխանցվի միավորման առաջնորդներին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դա՛նության կառավարության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում ներկայացրել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զեկույցը ներառում է տեղեկություններ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերի մասին։ Փաստաթղթում նաև վերլուծվել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիությունը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորությունների և Եվրամիությանն անդամակցելու հետ կապված պարտավորությունների համապատասխանությունը։
Բացի այդ, զեկույցը պարունակում է տեղեկություններ իրավական մեխանիզմների մասին, որոնք նախատեսված են Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելու համար։ Բացի այդ, ներկայացվել է 2014 թվականի մայիսի 29-ի՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի՝ Հայաստանի նկատմամբ գործողության կասեցման հնարավոր հետևանքների գնահատականը։
«Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարների ստորագրած՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հետ միասին, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին պաշտոնապես փոխանցելու համար։
Դիմումը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»,- հայտնել են միջկառավարական խորհրդից։