Արցախցիները չեն գնա Աղդամով առևտուր անելու, ոչ, չի լինի այդպիսի բան․ Ժաննա Արզումանյան
29 Հուլիսի 2023, 00:05
Արցախցիների մեծամասնությունը դեմ է Աղդամով առևտուր անելու գաղափարին։ Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել Արցախից Ժաննա Արզումանյանը շեշտելով, որ նման բան չի լինելու։
Արցախի ներկայիս վիճակի պատճառը, ինչպես Արզումանյանն է ասում, մեր՝ ոչ միասնական լինելն է։
Նրա խոսքով հայը հայ է, կապ չունի Արցախից է, Հայաստանից, Տավուշից, Տաշիրից, թե Սփյուռքի որևէ կետից։
«Մենք շատ ենք փնովում ու քննադատում իրար, մեր թերությունն այն է, որ միասնական չենք։ Շատ ահավոր վիճակում ենք, որի մասին ամբողջ աշխարհը գիտի։ Ստեփանակերտում կազմակերպված նստացույցը չեմ կարող ասել՝ ճիշտ էր, թե ոչ, բայց փաստն այն է, որ չհասանք ոչնչի, կտրուկ քայլեր էլ չստացանք, ինչպես պարոն նաագահն էր հայտարարել, մոտավորապես, այս տեքստով՝ մենք պետք է գնանք ավելի կոշտ ու կտրուկ քայլերի», — ասել է նա։
Alpha News-ի զրուցակիցը հռետորական հարց է տալիս՝ ե՞րբ կլինեն այդ կոշտ քայլերը՝ վա՞ղը, մյուս օրը՞։
«Մենք չենք կարող դուրս գալ Արցախից, չէ՞ որ այս հողի համար արյուն է թափվել, ոչ մի արցախցի չի ընդուի նման առաջարկ»։
Ժաննա Արզումանյանը նաև անդրադարձել է Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե պետք է եւ՛ Աղդամի, եւ՛ Գորիսի կողմից առեւտուր սկսվի, ըստ, որի, ուզենք, թե չուզենք դա լինելու է։
«Ես հարգում եմ պարոն Բաբայանի անցած ուղին, բաց ինչ մնում է նրա այդ հայտարարությանը, անընդունելիէ ինձ համար։ Միգուցե այլ տարբերակներ փնտրենք։ Արցախցիների մեծամասնությունը դեմ կլինի, նրանք չեն գնա Աղդամով առևտուր անելու, ոչ, չի լինի այդպիսի բան»։
Արզումանյանը նշել է նաև, որ Արցախում ոչ հավաստի աղբյուրներից լուրեր են տարածվել, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի պատճառը նրա վերջին ելույթում հնճեցրած մտքերն են եղել», — շեշտել է նա ։ Թե ով կարող է այսօր Արցախը հանել ճգնաժամից, հարցին դժվարանում է պատասխանել արցախցին․
«Չկա որևէ մեկը, այս պահին լիդեր չկա, բայց ես այսպիսի մի բան եմ միշտ ասում՝ մեզ միասնություն է պետք, մենք պետք է անպաման համախմբվենք, թե ով կլինի, երևի ամենաշատ հայրենասերը, որ մեզ կհամախմբի ու մենք դուրս կգանք այս ճգնաժամից։ Ինչ մնում է ով լինելուն, եթե համախմբվենք, կապ չունի նախկին-նեկա, գեղ կանգնի, գերան կկոտրի»։