Վարդան Ղուկասյանի վիճակը վատթարացել է, բժիշկներին արգելվել է այցելել ԱԱԾ մեկուսարան․ փաստաբան
29 Նոյեմբերի 2025, 10:56
Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել ԱԱԾ մեկուսարանի մոտից և տեղեկացրել, որ Ղուկասյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել։
«Տեղեկություն ունեմ, որ Կամո Մանուկյանը, որն, ասում են, բժիշկ է, պարոն Ղուկասյանի մասին կեղծ տեղեկություն է տրամադրել պատկան մարմիններին։ Հուսով եմ՝ այս եթերը կնայի նաև առողջապահության նախարարը, որովհետև այդ մարդը՝ Կամո Մանուկյանը, Առողջապահության նախարարության քրեակատարողական հիմնարկների գծով պատասխատուն է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները մեզ տվել էին հստակ ցուցումներ, թե ինչ պետք է արվեր, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակում դրական փոփոխություն լիներ, բայց օրեր առաջ նրան տեսակցելուց հետո ինձ ավելի մտահոգեց նրա առողջական վիճակը։ Կամո Մանուկյանն այստեղ (նկատի ունի ԱԱԾ մեկուսարանը – խմբ․) երկու բժիշկ է բերել, որոնք ասել են՝ թեև պրն Ղուկասյանն ունի շաքարային դիաբետ, բայց այն թեթև է։ Նրանք ինչ-որ ցուցումներ և, ըստ այդմ, պատկան մարմիններին սխալ տեղեկություն են տվել, ինչից հետո պարոն Ղուկասյանի անձնական բժիշկներին արգելվել է այցելել և հետևել նրա առողջությանը»,- ասել է Փոստանջյանը։