Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին. Կայա Կալաս

02 Դեկտեմբերի 2025, 15:44

Քաղաքականություն

Այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք տարբեր հարցերի շուրջ: ԵՄ-Հայաստան համագործացությունը գնալով լավանում է: Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: ԵՄ-Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար: Այդ մասին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Աջակցում ենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են նաև Հայաստանի տնտեսության դիֆերսիֆիկացիային: Մենք նաև համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում: Դեկտեմբերին 27 արտգործնախարարների հետ հանդիպում ենք ունենալու, Ձեզ հրավիրում եմ այդ հանդիպմանը: Խոսելու ենք Հայաստանի դիմակայնությանը և ընտրություններին վերաբերող հարցերի մասին:

Կարճ ասած՝ 2025-ը կարևոր տարի է եղել ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար, նաև ձեր երկրի, ձեզ համար կարևոր տարի է եղել 2025 թվականը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները, որոնք մեկնարկեցին օգոստոսին, շատ կարևոր են, դրանցով ավարտվեց տարիներ շարունակ տևող կոնֆլիկտը: Դուք ունեք ԵՄ աջակցությունն այս հարցում: ԵՄ-ն ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար:

Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին: Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու:

Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի. Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայնտաբերել և արձագաքնել արտասահմանյան ազդեցությունները»,- ասաց նա: