Իրանը և Ռուսաստանը դեմ են TRIPP-ին իր ներկայիս կազմով
17 Դեկտեմբերի 2025, 19:00
(ՀՀ-ով անցնող կոմունիկացիաները պետք է լինեն համագործակցության հիմք, այլ ոչ թե պատերազմի պատճառ)
«Հարավային Կովկասում քաղաքական դինամիկան գտնվում է սուր վերափոխման փուլում, որը պայմանավորված է տարածաշրջանային տերությունների դիմակայությամբ և արտաքին խաղացողների ակտիվ ներգրավմամբ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը ենթադրում է ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա Նախիջևան էքսկլավի միջև՝ Հայաստանի հարավային տարածքով (Սյունիքի մարզ), դարձել է տարածաշրջանը ապակայունացնող առանցքային տարրերից մեկը։
Մոսկվայի և Թեհրանի վերջին հայտարարությունների վերլուծությունը, որոնք վերաբերում են այս նախաձեռնությանը, որն այժմ կոչվում է «Թրամփի ճանապարհ» կամ TRIPP, ցույց է տալիս ազգային շահերի և աշխարհաքաղաքական հավակնությունների բարդ հավասարակշռում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է առավել կատեգորիկ և անզիջում դիրքորոշում ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որն ուղղված է տարածաշրջանում ճանաչված պետական սահմանների փոփոխմանը։ Այս համատեքստում Թեհրանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք իր ազգային շահերին։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հստակ նշել է, որ պաշտոնական Թեհրանը ի սկզբանե դեմ է եղել միջանցքի նախագծին՝ դա պատճառաբանելով երկու առանցքային գործոնով․ նախ, Իրանի համար տարածաշրջանային սահմանների անխախտելիությունը անվտանգության հիմնարար սկզբունք է, որի խախտումը կարող է դառնալ էքստերիտորիալ կամ արտաքին ուժերի կողմից վերահսկվող տրանսպորտային երթուղու հաստատումը։ Երկրորդն պատճառն ունի ռազմավարական նշանակություն․ Իրանն այս նախագծում տեսնում է ՆԱՏՕ-ի կամ նրա դաշնակիցների ներկայության ընդլայնման պոտենցիալ հենակետ՝ իր հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Նման ռազմատնտեսական ներգրավումն, ըստ իրանական ղեկավարության, անընդունելի ռիսկեր է ստեղծում ԻՀՀ հյուսիսային նահանգների համար և կարող է համաժամանակացվել Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների ռիսկերին։
Վելայաթիի դիրքորոշումն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները նախադեպեր ունի զգայուն տարածաշրջաններում տնտեսական նախագծերն օգտագործելու՝ հետագայում ռազմաքաղաքական և ուժային ներկայությունը մեծացնելու համար։ Այսպիսով, Սյունիքում ցանկացած ամերիկյան ենթակառուցվածքային ներկայություն ընկալվում է որպես պոտենցիալ, թեկուզ անուղղակի, մարտահրավեր Իրանի անվտանգությանը։
Հատկանշական է, որ Իրանի մտահոգությունների մասին՝ կապված հայկական կողմից իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հայտնվելու հետ, դեռևս հոկտեմբերին խոսել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծել էր, որ այժմ Իրանին ամենամոտ ամերիկյան ռազմաբազան գտնվում է թուրքական Ինջիրլիքում, և այդ պատճառով հարց է առաջանում, թե որն է ավելի վտանգավոր Թեհրանի համար՝ Ադրբեջանի՞, թե՞ ԱՄՆ-ի ներկայությունը։ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար միակ շահավետ տարբերակը Իրանի հետ լիարժեք կապի ապահովումն է Երասխ-Ջուղա երկաթուղային հանգույցի, իսկ այնուհետև Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան ուղղությամբ։ Քոչարյանն առաջարկել էր նաև Ռուսաստանին և Չինաստանին ներգրավել որպես օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացման երաշխավորներ, ինչը կօգներ թուլացնել պաշտոնական Թեհրանի անհանգստությունը։
Մոսկվայի դիրքորոշումը պայմանավորող հիմնական գործոնները սերտորեն կապված են առկա ենթակառուցվածքային վերահսկողության հետ. ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր կառույցը) կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար։ TRIPP-ի ենթադրյալ երթուղու զգալի մասն անցնում է ռուս սահմանապահների իրավասության տակ գտնվող գոտիներով։ Այս գործոնը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), անխուսափելի է դարձնում Ռուսաստանի ներկայությունն ու հավանությունը ցանկացած խոշոր տրանսպորտային նախագծի իրականացման և արդյունավետ շահագործման համար։
Այսպիսով, եթե Թեհրանն իր դիրքորոշումը հիմնավորում է սահմանների անխախտելիության և ինքնիշխանության սկզբունքներին հավատարմությամբ, ապա Մոսկվան հենվում է տնտեսական և իրավական լծակների վրա՝ հստակ ազդարարելով, որ Հարավային Կովկասը եղել և շարունակում է մնալ Մոսկվայի շահերի գոտին։
Ռուսաստանի դիրքորոշումը նոր տրանսպորտային նախաձեռնությունների նկատմամբ ցույց է տալիս պրագմատիկ մոտեցում, որն ուղղված է Հարավային Կովկասում առանցքային տնտեսական և ռազմաքաղաքական ազդեցության պահպանմանը, ինչպես նաև անվտանգության երաշխավորի և միջնորդի իր կարգավիճակի օգտագործմանը։ Մոսկվան պատրաստ է քննարկել կապի նախագծերը, ներառյալ այն հատվածները, որոնք կարող են կապված լինել «Թրամփի ծրագրի» հետ՝ պայմանով, որ կլինի ռուսական մասնակցություն։ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է ռուսական կողմի պատրաստակամության մասին՝ խորհրդակցել Երևանի հետ նախաձեռնության պարամետրերի և ռուսական պոտենցիալ ներգրավվածության շուրջ։
Իրանի և Ռուսաստանի շահերի համընկնումը, թեև հիմնված է տարբեր գործիքների վրա, ուղղված է Հայաստանի ամբողջական տարածաշրջանային մեկուսացման զսպմանը և տրանսպորտային զարկերակների նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի բացառիկ վերահսկողության հաստատման կանխմանը։ Եվ՛ Մոսկվան, և՛ Թեհրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքի» էքստերիտորիալ, ուժային տարբերակին։
Մտածե՛ք այդ մասին․․․»։