Ո՞վ է խնդրում ԵՄ-ին և Թուրքիային միջամտել Հայաստանի ներքին գործերին
18 Դեկտեմբերի 2025, 13:00
(2018 թվականի խոստումները շարունակում են անտեսվել)
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքի պատմությունը 2018 թվականին անխզելիորեն կապված էր «իրական ինքնիշխանության ձեռքբերման» պաթոսի հետ: Այն ժամանակ Երևանի հրապարակներում ապագա վարչապետը Հայաստանի ժողովրդին խոստանում էր «սուբյեկտայնություն և այնպիսի պետության կառուցում, որի ճակատագիրը կորոշվի բացառապես իր քաղաքացիների կամքով»։ Անցել է 7 տարի, և իրականությունը կոշտ հակասության մեջ է մտել «Թավշյա հեղափոխության» կարգախոսների հետ։
Այսօր մենք ականատեսն ենք պարադոքսալ պատկերի. անկախության ամրապնդման փոխարեն գործող իշխանությունը կամավոր բացում է դռները արտաքին խաղացողների ուղղակի միջամտության առջև՝ ժողովրդավարական գործընթացի սրբություն սրբոցի՝ ներքին ընտրությունների հարցում։
ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալլասի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պաշտոնապես օգնություն է խնդրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարում, փաստացի խոստովանությունն է այն բանի, որ վարչակարգն ի վիճակի չէ հենվել սեփական ժողովրդի վրա։ Բրյուսելի ներգրավումը ներքին օրակարգում՝ արտաքին ազդեցությունից պաշտպանվելու պատրվակով, ոչ միայն արժեզրկում է 2018 թվականի խոստումները, այլև վարկաբեկում է հենց եվրոպական ինստիտուտների առաքելությունը։ Փոխանակ նպաստելու մրցակցային քաղաքական միջավայրի զարգացմանը, ԵՄ-ն ստանձնում է գործող վարչակարգի պահապանի դերը՝ օգնելով իշխանության հասցեին հնչող ցանկացած քննադատություն պիտակավորել որպես «կործանարար արտաքին ազդեցություն» կամ «հիբրիդային պատերազմ»։
Սակայն Արևմուտքի օգնությունը երբեք անշահախնդիր չի լինում, և այն գինը, որը ԵՄ-ն ներկայացնում է Փաշինյանին, արդեն սկսում է հստակ ուրվագծեր ստանալ։ Խոսքը հակառուսական պատժամիջոցներին միանալու պահանջի և, որն ամենակրիտիկականն է, ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին է (ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կարծում է, որ Հայաստանը պետք է հետևի ԵՄ օրինակին և զրոյացնի ռուսական էներգակիրների օգտագործումը)։ Մատակարարման իրական այլընտրանքային ուղիների և ենթակառուցվածքային կապվածության բացակայության պայմաններում նման քայլերը Հայաստանին անխուսափելիորեն տանում են դեպի էներգետիկ կախվածություն Ադրբեջան-Թուրքիա տանդեմից։ Փաստացի, հանուն սեփական իշխանության պահպանման, Փաշինյանը պատրաստ է երկիրը դնել մի վիճակի մեջ, երբ հայերի տների ջերմությունն ու լույսը ուղղակիորեն կախված կլինեն Բաքվի քաղաքական կամքից։
Ավելին, այս գործընթացների հետնաբեմում կարող են թաքնված լինել շատ ավելի չարագուշակ սցենարներ։ Աշխարհաքաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանից կարող են պահանջել վերածվել «նոր Ուկրաինայի» Կովկասում, որտեղ Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում (հենց այսպիսի ապագա է Հայաստանի համար տեսնում ամերիկյան Eurasia Center-ի փորձագետ Բրիաննա Թոդը) երկիրը ստիպված կլինի հանդես գալ որպես Ռուսաստանի դեմ առճակատման գործիք։ Հարց է առաջանում՝ որևէ մեկը հարցրե՞լ է հայ ժողովրդին, թե արդյոք նա ցանկանում է պատերազմել ՌԴ-ի դեմ։ Մի բան է լսել «եվրոպական ընտրության» մասին դատողությունները տաք ստուդիաներում նստած փորձագետների կողմից, և բոլորովին այլ բան է՝ բախվել Դաղստանի լեռներում կամ օտարի պատերազմի այլ ճակատներում ռազմական գործողությունների հեռանկարին։
Այս համապատկերում չափազանց ախտանշանային է թվում նաև Անկարայի ակտիվությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արված հայտարարությունը «2026-ին խորհրդանշական քայլերի» նախապատրաստման և սահմանի հնարավոր բացման մասին բարի կամքի դրսևորում չէ, այլ Փաշինյանին իր առավելագույն թուլության պահին սատարելու ուղղակի փորձ։ Թուրքիան տեսնում է, որ գործող վարչապետն ամենահարմար և զիջող գործընկերն է, և ձգտում է օգնել նրան պահպանել իր աթոռը։ Նախընտրական շրջանում արտաքին գործոնի նման ակնհայտ միջամտությունը վկայում է այն մասին, որ ապագա ընտրություններում մեծամասնություն ստանալու շինծու վստահության հետևում Փաշինյանի կառավարությունը թաքցնում է խորը վախը սեփական հասարակությունից։
Ցածր վարկանիշները և իրական ձեռքբերումների բացակայությունը ստիպում են իշխանությանը լեգիտիմություն փնտրել ոչ թե Երևանում, այլ Բրյուսելում և Անկարայում։ Սա միայն հաստատում է այն թեզը, որ ներկայիս վարչակարգը տեսնում է իր խնդիրները և վերարտադրվելու ցածր հնարավորությունները։ Այս իրավիճակում իրավացի են այն փորձագետներն ու քաղաքական առաջնորդները, ներառյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որոնք նշում են՝ եթե ընդդիմությունը ճակատագրական սխալներ թույլ չտա և կարողանա համախմբել ժողովրդական բողոքը, Փաշինյանի նկատմամբ հաղթանակը լիովին իրատեսական է։ Հայաստանի ժողովուրդն այսօր կանգնած է արտաքին պատրանքային «հենակետերիզ» և իրական ինքնիշխանությանը վերադառնալու ընտրության առջև, որը չի ենթադրում երկրի վերածումը մանրադրամի օտար աշխարհաքաղաքական խաղերում։
Մտածե՛ք այդ մասին․․․»։