ԵՄ-ն պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կխանգարի ՀՀ ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան․ եվրապատգամավոր

18 Դեկտեմբերի 2025, 15:20

Կարծիք | Քաղաքականություն

Ֆրանսիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրեն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտության հնարավոր ռիսկերին, ԵՄ-ի գործնական աջակցությանը և այն մեխանիզմներին, որոնց միջոցով կարելի է երաշխավորել, որ այդ աջակցությունը լիովին կհարգի երկրի ժողովրդավարական ինստիտուտներն ու ազգային ինքնիշխանությունը։

Նա հույս է հայտնել, որ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն հնարավորինս լավագույն պայմաններում։

«Գլխավորը 2026 թվականի ընտրական գործընթացում հայ ժողովրդի լիակատար ինքնիշխանության պահպանումն է։ Եվրոպական միությունը պետք է համագործակցի այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ ընտրությունների անաչառությունն ու պատշաճ անցկացումը ապահովելու համար՝ ԵԱՀԿ-ի և նրա ընտրական առաքելության միջոցով, ինչպես դա եղել է Վրաստանի ընտրությունների դեպքում, կամ ՄԱԿ-ի միջոցով։ Սկզբից ես և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության իմ գործընկերները դատապարտել ենք Եվրահանձնաժողովի երկակի չափանիշներն ու կեղծավորությունը՝ պահանջելով կասեցնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2022 թվականին ստորագրված գործող համաձայնագրի կիրառումը։

Այդ համաձայնագիրը Ադրբեջանին դարձնում է ռազմավարական գործընկեր և նախատեսում է ադրբեջանական գազի եվրոպական գնումների կրկնապատկում այն ժամանակ, երբ ԵՄ-ն պատրաստվում է դադարեցնել ռուսական ռեժիմի ֆինանսական աջակցությունը գազի գնումների միջոցով։ Հետևաբար անընդունելի է ադրբեջանական ռեժիմին վերաբերվել որպես արտոնյալ գործընկերոջ։

«Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը պատմականորեն աջակցել է հայկական հարցին։ Մենք կշարունակենք պայքարել Հայաստանի, նրա ժողովրդի և Սփյուռքի համար՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունն ու իր տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը։ Մենք, իհարկե, աջակցում ենք ԵՄ-Հայաստան համագործակցության ծրագրերին, այդ թվում՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աջակցությանը, սակայն պնդում ենք, որ ԵՄ-ն պետք է զերծ մնա ցանկացած քայլից, որը կարող է խոչընդոտել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքին», -հայտարարել է նա։

Հիմա եթերում